«Բոլոր հաջողությունների համար փառք ու պատիվ իրենց, իսկ անհաջողությունների համար սուր քննադատության կենթարկվեն». Ազատ Արշակյան
«Իմ քայլը» դաշինքին տված 70 տոկոսը հակադեմոկրատական թիվ է: Ժողովրդավարական երկրներում որևէ ուժ այդքան ձայն չի հավաքում, բայց այսպիսին է լինում հետհեղափոխական երկրներում: Մենք հիմա սպասելիքներ ունենք, ու սա լուրջ բեռ է իշխանության համար: Բոլոր հաջողությունների համար փառք ու պատիվ իրենց, իսկ անհաջողությունների համար սուր քննադատության կենթարկվեն»,- ամփոփելով դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին՝ Ա. Արշակյանը նշեց.
«ՀՀ քաղաքացին ցույց տվեց, որ հասունացած է: Քաղաքական դաշտում տագնապ բերող ուժերը դուրս մնացին, և դա լավ է: Քաղաքացին ցույց տվեց, որ սիրում է իր հայրենիքն ու չի ցանկանում փորձությունների, ռիսկերի ենթարկել: Մարդիկ չեն ցանկանում, որ կրկնվի կրիմինալը, կոռուպցիան: Նրանք նաև կառուցողական հույսեր ունեն, հոգնել են հնից»:
Անդրադառնալով նոր խորհրդարանում իրական ընդդիմության բացակայությանը՝ Ազատ Արշակյանը հարցրեց, թե ինչի՞ն ընդդիմանան, երբ դեռ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը հրապարակված չէ:
Ազատ Արշակյանը խոսեց նաև ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանի կողմից արված սկանդալային հայտարարությունների մասին և ասաց, որ դրանք լուրջ չպետք է ընդունել:
«Այդ հայտարարություններն ընդամենը մի քիչ աշխուժացրին քարոզարշավը: Դրանց լուրջ մի մոտեցեք: Ընտրությունների ժամանակ արված քաղաքական հայտարարությունները մանդատը ստանալուց հետո մոռանում են»,- ընդգծեց ԳԽ նախկին պատգամավորը:
Շարունակելով նրա խոսքը՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը հին իշխանություններին բարի ճանապարհ մաղթեց, իսկ նորերին հիշեցրեց, որ ժողովուրդը գործնական լավ քայլերի պետք է ականատես լինի:
«Հները գնացին, բարո՛վ գնան: Ազատագրվեցինք ճաճանչափայլ ճառերից, ստերից: Ամեն ինչ թալանվել էր այս 30 տարիների ընթացքում, ժողովուրդը սովի էր մատնվել, դարձել «ուզող»: Ձեռքը պարզած վիճակը ծանր բան է: Արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը մեկի տանն ընդունելության է հրավիրված լինում: Ներկաներից մեկն ասում է՝ առավոտյան Ձեզ տեսա եկեղեցու մոտ մուրալիս: Իրոք դո՞ւք էիք: Պատասխանում է, որ այո՛, ուզում էի այդ զգացումն էլ փորձել՝ մարդը մուրալիս վեհանո՞ւմ է, թե՞ ստորանում: Մենք մեր ժողովրդին ստորացրել էինք, դարձրել ձեռքը պարզած մուրացկան: Այսուհետ գործնական լավ քայլերի ականատես պետք է լինենք: Գործարաններ պետք է բացվեն»,- եզրափակեց Դավիթ Գասպարյանը:
Անի Կարապետյան