Հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորը հայտարարում է՝ եթե 2018թ. վերջին Հայաստանը չկատարի իր պարտավորությունը, ապա մտնելու են միջազգային իրավական դաշտ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլի մեջ է։

Բանն այն է, որ հաջորդ տարի մեծ էկրան պետք է բարձրանար կինոռեժիսորի «Տատիկիս վարսերը» կինոնախագիծը, սակայն նախագիծը չի կայացել։

Հացադուլից առաջ Հովհաննես Գալստյանը հայտարարություն էր տարածել, որտեղ մանրամասնել էր, թե ինչու կինոնախագիծը կյանքի չի կոչվել. «2018-ին ավարտվում է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնը ընդունել է նոր Կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։

Կարդացեք նաև

Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությանը հասցվել է բարոյական, ֆինանսական և արտադրական մեծ վնաս։

Ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ ազգային Կինոկենտրոնի։ Մինչև 2018-ի ավարտը Կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության կատարման երաշխիքների բացակայության դեպքում, ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ Հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների և կրած վնասների փոխհատուցում»,- նշել էր կինոռեժիսորը։

Իր հայտարարության մեջ Հ. Գալստյանը նաև նշել էր, որ հացադուլը հանդիսանում է Հայաստանում մշակույթի ոլորտում տասնամյակներով կուտակված արատավոր երևույթները հրապարակայնացնելու և կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը և պահանջել՝ «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղար-գերմանական համատեղ կինոնախագծի հանդեպ ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարաման երաշխիքներ,
կինոնախագծից 2017թ.-ին վերցրած գումարի վերադարձ և «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» հայտերի հանդեպ ապօրինի որոշման չեղարկում։

Հովհաննես Գալստյանն արդեն վեց օր  հացադուլի մեջ է, 168.am-ը կինոռեժիսորից հետաքրքրվեց՝ այս օրերի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարությունից որևէ արձագանք, այց եղե՞լ է, թե՞ ոչ։

«Մշակույթի նախարարությունից որևէ մեկը չի եկել, ու ես դրա համար ուրախ եմ, որովհետև ցանկություն չունեմ նրանց հետ շփվելու։ Սա լավագույնս է բացահայտում նրանց՝ մի կողմից՝ ոչ պրոֆեսիոնալիզմը, մյուս կողմից՝ մարդասիրական տարրական նորմերի բացակայությունը։ Այդ մարդիկ մշակույթի հետ կապ չունեն և ընդանրապես հասարակության վտանգավոր անդամներ են։ Գան ինձ մոտ, ի՞նչ ասեն, ունեմ փաստաթղթային ամբողջ բազան, որով Մշակույթի նախարարությունը պարտք է մեր ֆիլմին։ Նրանք զբաղված են նրանով, որ այդ ամբողջ բազայի միջից իրենց ձեռնտու 3-4 փաստաթուղթ են հանում և Կինոկենտրոնի միջոցով մամուլում տարածում են, թե տեսեք՝ ինքն է սխալ»,- նշեց Հովհաննես Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 11-ին հանդես կգա մամուլիս ասուլիսով, որտեղ կհերքի Մշակույթի նախարարության ներկայացրած փաստաթղթերը։ Ուղիղ միացում կլինի Բուլղարիայի և Գերմանիայի պրոդյուսերների հետ, որոնք կհաստատեն՝ ինչպես իրենց ներդրումը կինոնախագծում, այնպես էլ՝ այն հանգամանքը, որ Հայաստանը խախտում է համատեղ միջազգային ֆիլմարտադրության նորմերը, որի համար հավելյալ հայց են ներկայացնելու ընդդեմ Հայաստանի։

Եթե առաջիկայում Մշակույթի նախարությունը որևէ քայլ չձեռնարկի, ապա Հովհաննես Գալստյանը հետագա որոշակի գործողություններ է նախապատրաստել, սակայն ընթացը ցույց կտա, թե դրանք ինչպիսին կլինեն։

«Ամեն ինչ շատ հստակ է, մինչև այս տարվա ավարտը  Հայաստանը պետք է հաստատի իր պարտավորությունների պատասխանատվությունը, եթե մինչև 2018 թվականի վերջ դրանք չեն կատարվում, ապա մենք մտնում ենք միջազգային իրավական դաշտ։ Եթե Հայաստանը չկատարի իր պարտավորությունները, ապա մենք եվրոպական ներդրումներ ենք կորցնում։ Եվրոպական ֆոնդերն այդպիսին են՝ նրանք կոնկրետ ժամանակաշրջանում են գումար տրամադրում, եթե պարտավորությունները չեն կատարում, ապա գումարից զրկվում են, որից հետո պետք է դիմեն հաջորդ տարի»,- ասաց Հ. Գալստյանը։

Նա ընդգծեց, եթե մինչև տարվա վերջ Հայաստանը չկատարի իր պարտավորությունները, ապա հացադուլ շարունակելն անիմաստ կլինի, քանի որ մտնելու են միջազգային դատավարության մեջ։

«Դրանից հետո ես ավելի կոշտ կդառնամ, արդեն քաղաքական գնահատականներ կտամ այդ ամենին, որովհետև սա հաշվեհարդար է։ Ինձ անհեթեթություններ են ասում, ասում են, որ նախորդ ռեժիմի օրոք ֆիլմ եմ նկարահանել, ուրեմն կոռուպցիոն սխեմաների մեջ եմ եղել։ Նման մերկապարանոց և հիմար մեղադրա՞նք, ես չգիտեմ՝ սա ինչ է, հիմա, եթե մենք սուպերմարկետից հաց ենք գնել, ուրեմն կոռուպցիոն սխեմաների մե՞ջ ենք եղել Սամվել Ալեքսանյանի հետ»,- նշեց Հ. Գալստյանը։

Ինչ վերաբերում է կինոռեժիսորի առողջական վիճակին, ապա հացադուլի առաջին չորս օրերին իրեն լավ է զգացել, իսկ վերջին երկու օրերին աննշան անհանգստություններ կան:

«Սակայն սա խնդիր չէ, քանի որ շտապօգնությունը պարբերաբար գալիս է՝ 3-4 ժամը մեկ ստուգում են, խորհուրդներ տալիս, այսինքն՝ հսկողության տակ եմ ոստիկանության և շտապօգնության կողմից»,- եզրափակեց Հովհաննես Գալստյանը։

Նշենք, որ Հ. Գալստյանը նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, իր առաջին՝ «Ես համարձակվում եմ մտաբերել» ուսանողական ֆիլմը նկարահանել է 1993 թվականին։

Բազմաթիվ մրցանակների արժանացած «Խճճված զուգահեռներ» խաղարկային ֆիլմի ստեղծման համար էլ 2005 թվականին հիմնադրել է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս