«Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ, և ՀՀԿ-ն պատասխանատու է դրա համար». Անդրիաս Ղուկասյան
Անդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ էր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
«Ինչպես տեղյակ եք, Անդրիաս Ղուկասյանին Սարի թաղի գործով շինծու մեղադրանքներ են առաջադրվել, այնուհետև մեղադրանքներ են առաջադրվել «Սասնա ծռերին» օժանդակելու, ապօրինի զենք կրելու մեջ։ Թեև նախկին իշխանություններն ասում էին, որ նա քաղբանտարկյալ չէ, բայց իրականում քաղբանտարկյալ էր։ Նա դեռևս ամբաստանյալի կարգավիճակով դատարանում է»,- ասաց նա։
«Մենք Եվրոպական դատարան էինք դիմել կալանավորման մասով։ Նոյեմբերի 30-ին գործը կոմունիկացվել է, այսինքն՝ գործն ընդունել են վարույթ և կառավարությանը հարցեր առաջադրել։ Առաջին հարցն այն է, որ քաղաքական դրդապատճառներով կալանավորման դեմ բողոքը մերժվել էր։ Եվրոպական դատարանը հարցրել էր՝ որքանո՞վ է դա համընկնում կոնվենցիայի 18-րդ հոդվածին։ Եթե Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է պահվել քաղաքական դրդապատճառներով, սա 18-րդ հոդվածի խախտում է, և դատարանը ՀՀ կառավարությանը տվել է այդ հարցը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կոնվենցիայի 18-րդ հոդվածն առաջին անգամ է Հայաստանի դեմ կիրառվելու։
Անդրիաս Ղուկասյանն իր հերթին՝ նշեց, որ ՀՀԿ-ն այսօր փորձում է ներկայանալ՝ որպես ընդդիմություն, սակայն այս հարցը հենց նրան է վերաբերում։
«Երկու տարի առաջ նրանց հարցնում էին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ։ Արփինե Հովհաննիսյանը նայում էր հանրության աչքերին և ասում՝ ոչ։ Իրականում Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ, և ՀՀԿ-ն պատասխանատու է դրա համար։ Այդ մարդիկ, երբ այսօր խոսում են արդարադատությունից, առաջինը պետք է այս հարցի պատասխանը տան»,- ասաց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում