«Ոչ ռուսամետ ենք, ոչ ամերիկամետ, ոչ էլ Մոզամբիկի կողմից ենք». «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդի» անդամ
«Տնտեսությունը կարող է զարթոնք ապրել, եթե տեղական հումքի վրա շեշտը դնենք: Գիշեր-ցերեկ խոսում են ներդրումների մասին: Ո՞վ է գալու Հայաստանում ներդրում անելու համար: Մեր հարստությունը քարն է, որից աշխարհում շատ բաներ են ստեղծվում, օրինակ՝ բազալտից ստեղծված ջրի ֆիլտրերը աշխարհում լավագույնն են, իսկ հակատանկային ականները ոչ մի ականորսիչ չի որսում: Հայաստանը պետք է դառնա քարի Սիլիկոնային հովիտ: Սրան զուգահեռ՝ անհրաժեշտ է զարգացնել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը»,- 168.am-ի հետ զրուցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը:
Նաև հավելեց. «Աշխարհի բոլոր զարգացած երկրներում բյուջեի մեծ մասը հիմնականում ապահովում է ինֆորմացիոն հասարակությունը, ամենահարուստ մարդն էլ ոչ ֆերմերն է, ոչ նավթարդյունահանողը, Բիլ Գեյթսն է՝ «Microsoft» ծրագրային ապահովման ընկերության նախագահը: Եթե Հայաստանում արդյունաբերությունը ոտքի կանգնի՝ ինժեներական միտքն առաջ կգա: Վերջապես կհասկանանք, թե մեզ ինչպիսի՞ դպրոց է պետք: 12-ամյա կրթության իմաստը ես չեմ հասկանում: Այսինքն, եթե տնտեսությունը խնդիրը դրեց՝ կրթության հարցը պարզ կլինի: Հայաստանում ներքին արտադրողական ուժեր չկան: Մեզ մոտ ուսուցիչ, իրավաբան են դառնում: Ինժեներներ չկան, քանի որ տնտեսությունը չի պահանջում»:
Ինչ վերաբերում է կուսակցության արտաքին քաղաքական կողմնորոշմանը, նա հայտարարեց, որ իրենք արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշում չունեն:
«Ոչ ռուսամետ ենք, ոչ ամերիկամետ, ոչ էլ Մոզամբիկի կողմից ենք: Պետությունները չեն կարող արտաքին քաղաքականության դեպքում կողմնորոշում ունենալ, քանի որ դա շատ վտանգավոր է: Եթե գնում եք դեպի մի բևեռ, թիրախավորվելու եք մյուսի կողմից: Անհրաժեշտ է բալանսավորված քաղաքականություն վարել, իսկ կողմնորոշումը հոգեկան հիվանդություն է: Հայ են, բայց ռուսամետ կամ եվրոպամետ, իբր ի՞նչ: Պետք է լինել հայաստանակենտրոն ու ամեն ինչի ազգային շահի տեսանկյունից նայել: Եթե կախվեք մի բևեռից՝ ընկնելու դեպքում առաջինը ձեզնից է ազատվելու»:
Հարցին՝ ստացվո՞ւմ է գաղափարական պայքար մղել՝ պատասխանեց. «Փորձում եմ, բայց տեսնում եմ, որ շատերը խուսափում են: Երբ խոսում ենք գաղափարական պայքարից՝ տեսնում ենք, որ սկսում են ինչ-որ բաներից խոսել. վերելակը, ասֆալտը, թոշակը… Սրան նպաստում է նաև ռեյտինգային համակարգը, որը ոնց որ հողագործի աշխատանք լինի՝ «հող են փորում, որ ձայն հավաքեն»: Մեր կուսակցության բոլոր անդամները գիտության ոլորտից են, ինչ խոսում ենք՝ տեսության շրջանակներում մշակված են, փչոցներ չկան: Խորհրդարանական համակարգ է, պետք է գաղափարն առաջ մղենք, վերջ տանք իշխանություն-ընդդիմություն պայքարին: Սա բացարձակ տգիտություն է:
Խորհրդարանական համակարգը չի աշխատում իշխանություն-ընդդիմություն մեխանիկական հակադրություններով: 1996 թվականից մեր երկրում գաղափարախոսությունները մահացել են, իսկ ԱԺ-ն պահանջում է երկու բևեռ՝ ձախում սոցիալիստական դասակարգային կուսակցություններն են, աջում լիբերալ թևն է:
Եվ որպեսզի իմանանք, թե Հայաստանում ովքե՞ր են սոցիալիստական, լիբերալ-դեմոկրատական, գաղափարախոսություններին պետք է հետևենք, որից էլ խուսափում են և անընդհատ իշխանություն-ընդդիմություն հակադրությունն են առաջ տանում: Բայց մենք զգուշացնում ենք՝ այսպես շարունակելու դեպքում խորհրդարանական համակարգը փուլ կգա: Խորհրդարանական համակարգը շատ անկայուն է ամբողջ աշխարհում, շատ արագ փլվում է: Ուստի առաջարկում ենք, որպեսզի կուսակցություննեը ներկայացնեն իրենց գաղափարախոսությունը. լիբերա՚՞լ են, պահպանողակա՞ն, թե՞ ինչ: Մենք ազգային-պահպանողական ենք, ու մեր գաղափարախոսությունը աջ կենտրոնի գաղափարախոսություն է»:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը, նա նշեց, որ այս Սահմանադրությունը պետք է փոխվի: Նրա խոսքով՝ Հայաստանում իրականում կիսանախագահական համակարգ է՝ «վարչապետության շարժիչով»:
«Եթե բևեռները կայացան, ապա խորհրդարանական համակարգը հրաշալի կլինի, թող մնա: Չնայած, մենք վաղուց ասել ենք, որ խորհրդարանական համակարգի պետք չէր անցնել, քանի որ այն պահանջում է կազմակերպված կուսակցական համակարգ, որը չունեինք և չունենք: «Իմ քայլը»՝ որպես հեղափոխական ուժ, պետք է մեծամասնություն լինի, որպեսզի խորհրդարանը կայունություն ստանա, բայց նույնիսկ իրենք նորմալ կուսակցություն չեն: Հեղափոխության անվան տակ ձայն են տանելու, գաղափարախոսություն չեն ներկայացնում: Մենք պետք է գնանք նորմալ կուսակցություններ ստեղծելու ճանապարհով, ինչը թույլ չի տալիս ռեյտինգային համակարգը:
Սա պետք է հանել, թողնել համամասնական ընտրական համակարգը, որի ժամանակ կուսակցություններն իսկապես կմրցեն գաղափարներով, իսկ հիմա անձերով է: Ժողովրդին կառաջարկեի պապի, տատի ասելով՝ չքվեարկել»,- ասաց նա:
Անի Կարապետյան