«Բոլորն էլ գիտեն՝ Ծառուկյանն իր առաջին միլիոնը ոնց է վաստակել». Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյանը միանգամից չի հարստացել, Ծառուկյանը սովորական աշխատողի ընտանիքից է։ Բոլորն էլ գիտեն՝ Ծառուկյանն իր առաջին միլիոնը ոնց է վաստակել»,- Իջևանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ իրենց ծրագրի բոլոր կետերը կարող է մի քանի ժամ ներկայացնել. «Այսօր ամենակարևորագույն խնդիրը ժողովրդի համար բանկային համակարգն է, որ ազգովի այսօր վարկերի տոկոսի տակ են։ Մենք ունենք 650 հազար ընտանիք և 1.5 միլիոն վարկառու, այսինքն՝ ամեն ընտանիքից մոտ 2-3 մարդ վարկի տակ է։ Խնդիրը պետք է կարգավորվի, պետության և բանկերի աջակցությունն է պետք, որովհետև այս վիճակով բանկերի գրավներն էլ են արժեզրկվում։ Որոշողը ժողովուրդն է»։

Նա նշեց, որ բանկի տոկոսը պետք է շահույթի տոկոսից ցածր լինի, ոչ թե՝ հակառակը։ «Ուսանողներն այսօր ուզում են սովորել, բայց երրորդ կուրսից չեն կարողանում վճարել. դա պետք է ուղղվի, որ գիտելիքով երեխան պիտանի մարդ դառնա, կարողանա պետություն հզորացնել։ Ծնողը գումար չունի, գիշերը չի քնի, չէ՞, ո՞նց կարող է ծնողը հանգիստ քնել, որ երեխան դուրս է մնում։ Ուրեմն՝ պետք է որոշում կայացվի, որ, եթե երեխան ցանկանում է սովորել, թող սովորի, իսկ գումարը 10 տարի հետո վճարի։ Կավարտի, կաշխատի, 10 տարվա ընթացքում իր ուսման վճարը փակի։ Բոլորը լուծվող խնդիրներ են»։

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ պետք է արտոնություններ տրվեն ՓՄՁ-ներին. «Ամբողջ աշխարհում ՓՄՁ-ները պետության ողնաշարն են, նրանց հարկերը պետք է թեթևացվեն։ Պետք է ցանկացած քաղաքում բնակարանաշինություն լինի, թող երիտասարդ ընտանիքները ամսական 150 դոլար վճարելով՝ կարողանան տան տեր լինել։ Առողջապահության հետ կապված խնդիրը, որ այսօր մեր ժողովուրդը գնում է պետպատվերի հունվարին, ասում են՝ հերթագրվի, հերթագրվում է, մարտին գնում է, ասում են՝ ավարտվել է։ Այ ձեր ցավը տանեմ, իմ հասանելիքը ո՞նց է ավարտվել։ Դրա համար կամ ամեն մարզում պետք է լինի անվճար հիվանդանոց, գումարները տրամադրվի, որ ցանկացած բնակիչ կարողանա գնալ ցանկացած պահի, կամ պետք է այդ պետպատվերի գումարները վաուչերների տեսքով տրվի բնակիչներին»։

Կարդացեք նաև

ԲՀԿ ցուցակի առաջին համարն ասաց, որ հայկական գյուղմթերքն էկոլոգիապես ամենամաքուրն է, բոլոր տեղերում դրա պահանջարկը կա, պարզապես, ըստ նրա՝ հարկավոր է ճիշտ կազմակերպել, արտահանել. «Անհնարին ոչինչ չկա։ Ներդրումներ պետք է լինեն. ոչ թե ներդրողին պետք է խնդրենք, որ գա՝ մեր երկում գումար դնի, այլ այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, որ իրենք խնդրեն, մեր երկրում ներդրումներ անելու հերթ լինի։ Դրա համար պետք է հարկերը պակաս լինեն, հնարավորություններ տրվեն։ Առաջ Դուբայում հարկեր չի եղել, ամեն ինչի ամենալավը կառուցել են, հիմա արդեն 5 տոկոս հարկեր են դրել, կարող է՝ եկող տարի ավելի բարձրացնեն։ Դրա համար պետք է ավելի լավ պայմաններ առաջարկենք, որ մեզ մոտ ներդրումներ անեն»։

Հայաստանը, ըստ նրա՝ պետք է հզոր պետություն լինի, որ հետը հաշվի նստեն։ «Ես իմ թիմին զգուշացրել եմ, որ ժողովրդից նեղվելու, ժողովրդին պարտադրելու իրավունք չունի. Ժողովուրդն ում հավատում է, ում վստահում է՝ նրան էլ իր ձայնը տալու է»։

Տեսանյութեր

Լրահոս