Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի՝ ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալներից հրաժարվելու քայլը որևէ կերպ կապված չէ Հայաստանի հետ
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) երևանյան նստաշրջանի ընթացքում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների կողմից վեհաժողովի պատվո մեդալներից հրաժարվելը որևէ կերպ կապված չէ Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը նշեց, որ խնդիրը վերաբերում է տվյալ երեք պետությունների և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության հարաբերություններին:
«Հաշվի առնելով, որ վեհաժողովի նիստն անցկացվել է Հայաստանում, բնականաբար, տվյալ զարգացումները տեղի են ունեցել մեր երկրում: Յուրաքանչյուր պետություն պատվո մեդալներից հրաժարվելու հետ կապված ուներ իր պատճառաբանությունը, որը վերաբերում էր քարտուղարության հետ խնդիրներին»,- ասաց Արսեն Բաբայանը:
Վրացական պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել էր, որ պատվիրակության ղեկավարը հրաժարվում է մեդալից՝ չմեկնաբանելով այդ քայլը։ Մեդալից հրաժարվել էր նաև Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ջեմալ Օզթուրքը։ «Կարծում եմ՝ ես պատիվ չունեմ վերցնելու այդ մեդալը»,- ասել էր նա:
Պարզաբանվել էր, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հրաժարվում է, քանի որ առայժմ մանդատ չի ստացել։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը ևս հայտարարել էր, որ ինքն ընդամենը երկու տարի է աշխատում կառույցում և չի կարող նման մեդալ ստանալ։
Սևծովյան տնտեսական համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպություն է՝ ստեղծված Սևծովյան տարածաշրջանի 11 պետությունների կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակն է Սևծովյան տարածաշրջանում ապահովել կայունություն, տնտեսական զարգացում, բարգավաճում և խաղաղություն։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլ քաղաքում: ՍԾՏՀ-ի անդամներն են Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Սերբիան, Ռուսաստանը, Ռումինիան, Մոլդովան, Հունաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ադրբեջանը և Ալբանիան: