Հարկային օրենսգրքի փոփոխություններից կշահեն հարուստները. Տարօրինակ ռեստարտ

Օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում (ՀՕ) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ի թիվս այլ փոփոխությունների՝ առաջարկվում է նաև էական փոփոխություններ կատարել եկամտային հարկի հաշվարկման համակարգում: Այս պահին գործող հարկային համակարգն իր բնույթով պրոգրեսիվ է, որը եկամտի ծավալների ավելացմանը զուգընթաց՝ կիրառում էր ավելի բարձր դրույքաչափեր: Մասնավորապես՝ մինչև 150 հազար դրամ ստացողների համար կիրառվում էր 23 տոկոս եկամտային հարկի դրույքաչափ, իսկ 150 հազար դրամից ավելի ստացողների համար՝ 34500 դրամ՝ գումարած 150 հազար դրամը գերազանցող գումարի 28 տոկոս դրույքաչափ, և եթե աշխատավարձը գերազանցում է 2 միլիոն դրամը, ապա 552500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:

Ի տարբերություն սրա, փոփոխությունների փաթեթով առաջարկվող նոր համակարգն իրենից ենթադրում է միասնական՝ 23 տոկոս դրույքաչափի կիրառում, անկախ անձի եկամուտների ծավալից: Այստեղ, իհարկե, նախ և առաջ խախտվում է պետության վերաբաշխման ֆունկցիան, համաձայն որի՝ շատ ստացողը պետք է վճարի ավելի շատ, քան քիչ ստացողը, սակայն, եթե դա զուտ տնտեսագիտական մոտեցման խնդիր է, ապա իրական հաշվարկների պարագայում, առկա է նաև լուրջ սոցիալական խնդիր:

Ավելի լավ հասկանալու համար սոցիալական խնդրի բովանդակությունը, պարզ վերլուծական համեմատություն կատարենք: Ենթադրենք՝ 2 քաղաքացիներից առաջինը ստանում է 120 000 դրամ աշխատավարձ, իսկ մյուսը՝ 300 000 դրամ: Հաշվարկենք, թե հարկային փոփոխությունների արդյունքում այս քաղաքացիներից որի՞ տնօրինվող եկամուտը (ժողովրդական լեզվով ասած` մաքուր աշխատավարձը) ավելի բարձր կլինի: Վերլուծության համադրելիությունն ապահովելու համար ենթադրենք, որ երկուսն էլ հանդիսանում են կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից և վճարում են նաև 1000 դրամ դրոշմանիշային վճարը:

Այսպես. գործող հարկային համակարգի պարագայում առաջին քաղաքացու տնօրինվող եկամուտը կազմում է 88400 դրամ (120000-27600 (23 տոկոս եկամտային հարկ)-3000 (2.5 տոկոս կուտակային)-1000 (դրոշմանիշային վճար) = 88400):

2019 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտնի առաջարկվող հարկային օրենսգրքի փոփոխությունները, այս քաղաքացին իր եկամտի վրա որևէ փոփոխություն չի զգալու, որովհետև դրույքաչափը շարունակելու է մնալ 23 տոկոս: Ավելին, նա փոփոխություն չի զգալու նաև 2020 թվականին և հետագա տարիներին, քանի որ, երբ այդ ժամանակ դրույքաչափը նվազեցվի մինչև 20 տոկոս, դրան զուգահեռ՝ պարտադիր կուտակային համակարգին նրա մասնակցության տոկոսը բարձրացվելու է 2.5 տոկոսից՝ հասցվելով 5 տոկոսի: Այսպիսով, պետք է փաստենք, որ առաջարկվող հարկային փոփոխությունները մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների տնօրինվող եկամտի որևէ փոփոխություն չեն ենթադրում, և փոխվում են միայն ձևակերպումները:

Այժմ դիտարկենք, թե ի՞նչ ազդեցություն է ունենում Հարկային օրենսգրքի փոփոխությունը բարձր աշխատավարձ ստացող անձանց եկամուտների վրա:

300 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացու տնօրինվող եկամուտը (մաքուր աշխատավարձն) այս պահին գործող օրենքներով կազմում է 215 000 դրամ (3000000-76500 (34500 դրամ և 150 հազար դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը)-7500 (2.5 տոկոս կուտակային)-1000 (դրոշմանիշային վճար) = 215000:

Հարկային փոփոխությունների փաթեթի ուժի մեջ մտնելու պարագայում նույն 300000 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացու տնօրինվող եկամուտը կավելանա 7500 դրամով և կկազմի 222500 դրամ (3000000-69000 (23 տոկոս եկամտային հարկ) – 7500 (2.5 տոկոս կուտակային)-1000 (դրոշմանիշային վճար) = 222500: Ի դեպ, կախված աշխատավարձի մեծությունից, այս տարբերությունը գնալով ավելի է մեծանում, և, օրինակ՝ 2 մլն դրամ աշխատավարձի պարագայում մոտ է 100 հազար դրամին: Իսկ 2 միլիոնից ավելի աշխատավարձի պարագայում այդ տարբերությունն էլ ավելի հսկայական է դառնում:

Համադրելով այս 2 վերլուծությունները՝ ստանում ենք հետևյալ պատկերը: Փաշինյանի կառավարության կողմից առաջարկվող հարկային փոփոխություններն ուղղված են բնակչության առավել բարձր եկամուտ ստացող մարդկանց տնօրինվող եկամուտների բարձրացմանը, ինչը ակնհայտորեն չի համապատասխանում կառավարության կողմից վարվող այն քաղաքականությանը, որ իրականացվող փոփոխությունները միտված են սոցիալական վիճակի բարելավմանը, աղքատության կրճակմանը և կենսամակարդակի բարձրացմանը: Առաջարկվող հարկային փոփոխությունների արդյունքում բարձր աշխատավարձ ստացողը ստանալու է ավելի բարձր տնօրինվող եկամուտ, իսկ ցածր ստացողը մնալու է նույն մակարդակում, ուստի այս փոփոխությունն ուղղված է՝ ի օգուտ հարուստների և բարձր եկամուտ ստացողների:

Եվ որպես ասվածի ամփոփում՝ մնում է հույս հայտնել, որ ներկայացված փաթեթն իրապես հանդիսանում է ընդամենը նախագիծ, և վերոնշյալ դիտարկումը հաշվի կառնվի, և կկատարվեն որոշ փոփոխություններ, հակառակ դեպքում հանրային քննարկում ասվածը զուտ ձևական երևույթ է, որը հնարավոր է անցկացնել ձևական մակարդակով, սակայն, երբ գա պտուղները քաղելու ժամանակը, մարդիկ ակնհայտ տեսնելու են, որ ավելացել է միայն բարձր եկամուտ ստացողների աշխատավարձը, իսկ բնակչության զգալի մասը, ով ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, կանգնելու է նույն «կոտրված տաշտակի առաջ»:

ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս