Արմեն Սարգսյանն ու Սերջիո Մատարելլան քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացման հարցեր
Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Մատարելլան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Իտալիա, այնուհետև ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։
Նշվել է, որ բարձր մակարդակով փոխայցելություններն էապես նպաստելու են երկկողմ հարաբերությունների խորացմանը և նոր թափ են հաղորդելու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը։
Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ընդգծելով, որ համագործակցության լայն հնարավորություններ են առկա թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտական ոլորտներում, նախագահները կարևորել են առկա ներուժի լիարժեք իրացումը։