Շոտլանդիայում կոչ են արել կասեցնել Brexit-ի շուրջ համաձայնագիրը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ներկայացնելով Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, անտեսում է Շոտլանդիայի կառավարության կարծիքը, վարչապետը պետք է դադարեցնի փաստաթղթի ընդունման գործընթացը եւ վերադառնա Եվրամիության հետ բանակցություններին: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) խորհրդարանական առաջնորդ Իան Բլեքֆորդը:
Ավելի վաղ տարածաշրջանի ղեկավարները եւ տեղի խորհրդարանականները հայտարարել են, որ չեն ընդունի ո՛չ Brexit-ը, ո՛չ էլ կառավարության կողմից առաջարկվող ամփոփիչ փաստաթղթի նախագիծը:
«Վարչապետն անտեսում է Շոտլանդիայի կառավարության դիրքորոշումը: Ու՞ր են գործընկերության եւ հավասարության մասին հայտարարությունները… Ճիշտ քայլ արեք, եւ մենք կսկսենք աշխատել ձեզ հետ. կանգնեցրեք ժամացույցը եւ վերադարձեք Բրյուսել»,- ասել է Բլեքֆորդը՝ նոյեմբերի 15-ին ելույթ ունենալով Համայնքների պալատում:
Նա նշել է, որ «Շոտլանդիա» բառը նույնիսկ չի հիշատակվում պայմանագրի նախագծում, եւ Մեյին կոչ է արել Մեծ Բրիտանիան պահպանել Եվրամիության միասնական շուկայի կազմում եւ Եվրոպայի մաքսային միությունում: Ավելի վաղ լեյբորիստները նույնպես հայտարարել են, որ խորհրդարանում չեն պաշտպանի Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի՝ կառավարության առաջարկած նախագիծը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: