«Իմ ժեստը վիրավորանք չէր: Ես պարզապես ուզում էի լսել, թե արդյո՞ք երկրպագուները նորից ինչ-որ բան կբացականչեն». Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բացատրել է իր պահվածքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Յուվենթուսի» նկատմամբ կամային հաղթանակ տանելուց հետո:
Խաղի ավարտից հետո Մոուրինիոն ձեռքը դրել է ականջին և դեմոնստրատիվ ցույց է տվել «Յուվենթուսի» երկրպագուներին, որ ցանկանում է լսել՝ արդյո՞ք նրանք կրկին ինչ-որ բաներ կբացականչեն: Թուրինյան ակումբի ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչին նկատողություն է արել Մոուրինիոյին, բայց վերջինս պարզապես հեռացել է խաղադաշտից:
«Իմ ժեստը վիրավորանք չէր: Ես պարզապես ուզում էի լսել, թե արդյո՞ք երկրպագուները նորից ինչ-որ բան կբացականչեն:
Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբում աշխատելիս ես պետք է մոռանամ անցյալը, հատկապես խաղերի ընթացքում: Ես 90 րոպե չեմ մտածում, որ ես «Ինտերի», «Ռեալի» կամ «Չելսիի» մարզիչն եմ եղել: Այս 90 րոպեների ընթացքում ես ներկայացնում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Բայց նրանք, մյուսները, չմոռացան, թե ով եմ ես եղել: Իհարկե, ես կատարում եմ իմ աշխատանքը, և իմ գործը «Յուվենթուսին» հաղթելն է, և ես շատ ուրախ եմ դրա համար, քանի որ մենք հաղթել ենք սուպեր թիմի: Ես այստեղ եմ՝ որպես պրոֆեսիոնալ, և իսկապես հարգում եմ այս ֆանտաստիկ թիմը:
Նրանք ցանկանում են և կարող են հաղթել բոլոր գավաթները, իսկ մեր թիմում շատ ֆուտբոլիստներ չեն խաղացել նման մեծ խաղերում»,- ասել է Մոուրինիոն:
Հիշեցնենք, որ այս պատմությունը սկսվել էր դեռևս նախորդ խաղից հետո, երբ Մանչեսթերում թուրինյան ակումբի երկրպագուները վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել Մոուրինիոյի հասցեին, իսկ վերջինս 3 մատներով ժեստ էր ցույց տվել նրանց՝ հիշեցնելով թրեբլը, որ նվաճել է «Յուվենթուսի» մրցակից «Ինտերի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան