««Սասնա ծռեր» կուսակցության գրանցման հարցերն արդեն  լուծվել են. մասնակցելու ենք ընտրություններին». Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռերին»  ծայրահեղական  հատված է ձայն տալու, ընտրությունները ցույց կտան, թե հասարակության քանի տոկոսն է ծայրահեղ տրամադրված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանն էլ նկատեց.

«Ամեն հասարակության մեջ կա արմատական, հարձակողական նպատակներ ունեցող շերտ: Խնդիրն այն է, թե Հայաստանում այն որքան է: Դեռ գաղափարական դաշտն էլ հստակ չէ: Երևի ժամանակ է պետք, որ կուսակցական, գաղափարական միավոր դառնան: Այս էտապում դժվար է բացառել նրանց՝ խորհրդարանում հայտնվելը: Հեղափոխությանը մասնակցած զանգված կա, որ նրանց կողմնակիցն է, ու հիմա դժգոհ են այսօր կատարվող տարբեր իրողություններից: Եթե կարողանա դիրքավորվել, կերևա՝ կհայտնվե՞ն ԱԺ-ում, թե՞ ոչ»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե «Երկիր Ծիրանի» կուսակ­ցության նա­խագահ Զարու­հի Փոստանջյանը կարող է լինել «Սասնա ծռեր» կուսակ­ցության ցուցակի առաջին եռյակում, Կարեն Քոչարյանը նշեց.

«Չեմ կարծում, որ կուժեղացնի կուսակցությանը: Նա ցույց տվեց, որ անգամ իր կուսակցությունում է կոնֆլիկտային: Ոչ մի տեղ չի կարողանում յոլլա գնալ, ո՞վ ասաց, որ «Սասնա ծռերի» հետ յոլլա կգնա»:

«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով իրենց գաղափարական դաշտի հստակության մասին՝ ասաց.

«Եզրակացրել եք, որ մեր գաղափարները հստակ չեն, հիմա ես էլ պետք է պատասխանեմ, որ այդպես է, ու խոստանում ենք հստակեցնե՞լ: Ում   համար գաղափարները հասկանալի չեն, թող դիմի՝ կբացատրենք»:

Անդրադառնալով տեղեկությանը, թե «Երկիր Ծիրանի» կուսակ­ցության նա­խագահ Զարու­հի Փոստանջյանի հետ միասին են մասնակցելու ընտրություններին, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց.

«Որևէ մեկին միանալու հարց հատուկ չի քննարկվել»:

Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց նաև, որ «Սասնա ծռեր» կուսակցության գրանցման հարցերն արդեն  լուծվել են, նրանք մասնակցելու են ընտրություններին:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս