«Եթե ներկայիս պայմաններում գազի սակագինն իջեցվի, համակարգը կքայքայվի». «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց տեսակետ հայտնել՝ հնարավո՞ր է գազի գինն իջեցնել և ինչպե՞ս:
«Դուք գիտեք, որ ամեն ինչ լինում է տարեվերջին: Լիքը խնդիրներ կան լուծելու, Վրաստանի տարածքով տեղափոխման հետ կապված հարցադրումները, գազի գնի հարցերը, մարժան կնայեն, հիմնավորվածությունները կհասկանան և կխոսենք»,- ասաց Հ.Թադևոսյանը:
Ըստ նրա՝ ֆինանսները չեն բավարարում համակարգը շահագործելու համար և, եթե ներկայիս պայմաններում գազի սակագինն իջեցվի, համակարգը կքայքայվի. «Եթե մենք նպատակ ենք դրել համակարգը քայքայել, որպեսզի իջեցնենք, դա մոտեցում է, պետք է հասկանանք՝ դա ենք ուզում, թե ոչ: Եթե մենք չենք ուզում քայքայելով իջեցնել, ուրեմն պետք է քննարկենք»:
Միաժամանակ, ընկերության ղեկավարը նշեց, որ աշխատակիցների միջին աշխատավարձը 227 հազար դրամ է, և բանվոր, թե ղեկավար, բոլորը ձգտում են ընդունվել աշխատանքի:
Հարցին՝ եթե այդքան շահավետ է աշխատելը «Գազպրոմ Արմենիայում», ինչո՞ւ է համակարգը քայքայվում, Հ.Թադևոսյանը պատասխանեց, թե աշխատավարձերն առանձին դրույթ են, համակարգը պահպանելու համար անհրաժեշտ ներդրումներն այլ դրույթ է: Նա նշեց, որ ընկերությունում բանվորը ստանում է 336 հազար, որի 50% հավելումը ստանում է մայր ընկերությունից՝ «Գազպրոմից».
«Մենք մեր բոլոր աշխատողների շահերը պաշտպանում ենք, դուք ավելի մի պաշտպանեք, իրենք պաշտպանված են»: