Թրյուդոն ներողություն է խնդրել նացիստական Գերմանիայից հրեա փախստականներին Կանադայում չընդունելու համար
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտոնապես ներողություն է խնդրել նացիստական Գերմանիայից փախած հրեաներից ու նրանց ընտանիքներից, որոնց Կանադայի կառավարությունը հրաժարվել է ընդունել 1939 թվականին: Համապատասխան հայտարարությունը նա արել է նոյեմբերի 7-ին երկրի ազգային խորհրդարանում։
«Այսօր ես եկա Համայնքների պալատ (Կանադայի խորհրդարանի ստորին պալատ), որպեսզի խիստ ուշացած ներողությունս հայտնեմ այն հրեա փախստականներին, որոնց (նավը) Կանադան հետ դարձրեց (իր ափերից),- ասել է նա:- Մենք ներողություն ենք խնդրում այն 907 հրեաներից, որոնք այն ժամանակ գտնվում էին «Սենտ Լուիս» նավում, ինչպես նաեւ նրանց ընտանիքներից»:
«Սենտ Լուիս» նավը՝ հրեա փախստականներով, Կանադայի Հալիֆաքս նավահանգիստ (Նոր Շոտլանդիայի նահանգ) էր ժամանել 1939 թվականի հունիսի 7-ին: Նավում գտնվում էին 907 ապաստան խնդրողներ, որոնք փորձում էին այստեղ փրկվել Գերմանիայի հալածանքներից: Կանադայի վարչապետ Մաքենզի Քինգի կառավարությունն, ինչպես ավելի վաղ դա արել էին Կուբայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Ամերիկայի եւս մի քանի երկրների իշխանությունները, հրաժարվել է ընդունել փախստականներին, եւ նավը հետ է ուղեւորվել Եվրոպա:
Ի վերջո ծագումով հրեա ուղեւորների մի մասին համաձայնել են իրենց մոտ տեղավորել Բելգիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները եւ Ֆրանսիան, իսկ շուրջ 500 հրեաներ վերադարձել են Գերմանիա, որոնցից 254-ն ավելի ուշ զոհվել են համակենտրոնացման ճամբարներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: