Բաժիններ՝

Ծնողները հակված են երեխայի ծննդյան ընտանեկան դրամագլուխն օգտագործել՝ չսպասելով նրա 18 տարին լրանալուն

Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական գումարը ստանալու համար այսուհետ պետք չէ սպասել երեխայի մեկ տարին լրանալը: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ եթե ծնողն ունի դրամագլուխը տնօրինելու իրավունք, ապա անկախ երեխայի տարիքից, կարող է դիմել և առավելագույնը 50 հազար դրամի չափով փոխանցում ստանալ յուրաքանչյուր ամիս: Փոխանցումը կատարվում է ցանկացած բանկային հաշվին և պարտադիր չէ նշել գումարը ստանալու նպատակը:

Այս փոփոխությունը ներառված է կառավարության նիստում օրերս հաստատված նախագծում, որով մի շարք նոր առաջարկներ են արվել: Նախ` կատարվել է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխություն, համաձայն որի երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25.000 դրամից բարձրացվում է 50.000 դրամ:

«Այս փոփոխությանը գնացինք այն նպատակով, որ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլուխը մատչելի լինի ընտանիքներին: Մեր երեք տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընտանիքները հակված են այդ գումարը ծախսել այսօր, քան թողնել, որ ապագայում 18 տարին լրանալուց  հետո այն տնօրինի երեխան»,- ասաց Անահիտ Գալստյանը:

Հանրապետությունում տարվա ընթացքում ծնվածներից  մոտ 7 հազարն  ընտանիքներում 3-րդ, 4-րդ և ավելի երեխաներն են: Երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան համար տրվում է 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար` 1.5 մլն դրամ։ Եթե նախկինում նպաստի գումարը ծնողներին էր վճարվում, և նրանք ըստ հայեցողության էին այն տնօրինում, ապա այժմ նպաստի գումարը կիսվում է երկու մասի, դրանցից մեկը տրվում է ծնողներին, և նրանք, առաջվա պես, տնօրինում են այն, իսկ երկրորդ մասը փոխանցվում է երեխայի անունով բացված հատուկ բանկային հաշվին: Ծնողը կարող է ձեռք բերել այդ աջակցությունից  օգտվելու իրավունք մինչև երեխայի 18 տարին լրանալը:

«Եթե այդ գումարը ներկայում չօգտագործվի, ապա, քանի որ այն ավանդի տեսքով է դրված բանկում, հետևաբար տոկոսներ են հաշվարկվում: Երեխայի 18 տարին լրանալուց հետո նա կստանա ավելին քան 500 հազար դրամն է: Ամեն դեպքում, եթե ծնողը չի ուզում այդ գումարը թողնել, որ այն երեխան տնօրինի 18 տարեկանից հետո, ապա կառավարության որոշմամբ այժմ արդեն կարող են դրամագլխից ամեն ամիս ստանալ 50 հազար դրամ»,-ասաց Անահիտ Գալստյանը: Նա նշեց, որ դրամագլխից ամեն ամիս որոշակի գումար ստանալու հնարավորությունը կար արդեն 3 տարի, սակայն կառավարությունն ամեն անգամ դրա համար որոշում էր ընդունում: Քանի որ պահանջարկը կա, հետևաբար կառավարությունը որոշեց այն դարձնել որպես հիմնական ուղղություն:

Կառավարությունը սահմանել է դրամագլխի ծախսման մի քանի ուղղությունները:  Եթե երեխայի ծնողները հիպոթեկով ձեռք են բերել անշարժ գույք, ապա ընտանեկան դրամագլխի միջոցները կարող են ուղղվել տոկոսի վճարմանը, կամ մայր գումարի մարմանը: Գումարը կարող է ուղղվել քույրերի, եղբայրների կամ հենց տվյալ երեխայի ուսման վարձին, այդ թվում մանկապարտեզի, դպրոցի: Հնարավորություն է տրվում գումարն ուղղել լեռնային, բարձր լեռնային շրջաններում անշարժ գույքի ձեռք բերմանը: Մյուս ուղղությունը գյուղատնտեսական վարկերի մայր գումարի կամ տոկոսի վճարումներն են:

Աննա Գզիրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս