«Բոլթոնի որոշ հայտարարություններ անհանգստացնող են». Արա Պապյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններին՝ նշեց, որ դրանց մեջ անհանգստացնող հայտարարություններ կան։

«Նախ՝ Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ հայտարարությունը, որ այն ԱՄՆ-ի համար ընդամենն առաջնահերթություն ունեցող պետության կարգավիճակ ունեցող երկիր է։ Բացի այդ՝ Արցախի հարցում էլ որոշակի անհանգստացնող պահեր կան, հատկապես այն առումով, որ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը, երբ ստանա նոր մանդատ, կարող է վճռական քայլեր իրականացնել։ Խնդիրն այն է, թե այդ վճռական քայլերը որոնք կլինեն, ես չեմ կարծում, թե դրանք անպայմանորեն ի նպաստ մեզ պետք է լինեն։ Նաև այն պատրաստակամությունը՝ զենք վաճառել Հայաստանին և Ադրբեջանին, ես ևս մեզ համար չեմ համարում ցանկալի իրողություն, որովհետև եթե այդ շուկան բացվի և ազատ զենքի վաճառք լինի, շրջանցվի 907 բանաձևը, ապա դա ի վնաս մեզ կլինի զուտ այն առումով, որ Ադրբեջանը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի զենք գնելու»,- պարզաբանեց Պապյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում Հայաստանը պետք է փորձի գոնե բանակցային հարթակ դառնալ՝ ԱՄՆ- Իրան կամ ԱՄՆ-ՌԴ բանակցային գործընթացի համար. «Ես որոշակի պաշտոնյաների հետ խոսել եմ, դրական միտում կա, բայց Հայաստանի կողմից պետք է պաշտոնական առաջարկ արվի։ Մեզ համար կարևոր է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածությունը մի փոքր թուլանա։ Հիմա Հայաստանն այն երկրների թվում է ՌԴ-ի և Իրանի հետ միասին, որ զորախումբ է ուղարկել Սիրիա, բայց Աստանայի գործընթացում մենք չկայինք։ Միգուցե պետք է ավելի շուտ նախաձեռնեինք, ոչ թե լիներ Աստանայի գործընթաց, այլ Երևանի գործընթաց լիներ»։

Արա Պապյանն ընդգծեց, որ Հայաստանն Իրանի հարևան միակ քրիստոնյա երկիրն է, և Արևմուտքի միակ մասնիկն է Իրանի սահմանի վրա, Իրանում էլ հայ համայնքի նկատմամբ կա դրական վերաբերմունք, Հայաստանն ու հայերը, ըստ նրա՝ այնտեղ օգտագործվում են՝ որպես ցուցանմուշներ՝ ցույց տալու, որ Իրանը որևէ կրոնական խնդիր չունի քրիստոնյաների հետ. «Այս ամենը կարևոր է»։

Ասուլիսի մյուս բանախոս, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ևս համամիտ է՝ Հայաստանը կարող է նման հարթակ դառնալ. «Եթե Սինգապուրը կարող է դառնալ ԱՄՆ-Կորեա բանակցությունների հարթակ, Մինսկը կարող է դառնալ Ադրբեջան-Հայաստան բանակցությունների հարթակ, ապա ինչո՞ւ Երևանը որևէ բանակցությունների հարթակ դառնալ չի կարող»։

Տեսանյութեր

Լրահոս