Ինչպես խուսափել հանկարծական ինսուլտից
Գիտնականների միջազգային խումբը ցույց է տվել, որ սիրտ-անոթային հիվանդությունների նկատմամբ ժառանգական նախահակվածությամբ մարդիկ կարող են նվազեցնել ինսուլտի հավանականությունը՝ հրաժարվելով ծխելուց եւ մարմնի առողջ զանգված պահպանելով: Այս մասին հաղորդվում է EurekAlert! -ում հրապարակված մամուլի տեղեկագրում:
Մասնագետները վերլուծել են 40 – 73 տարեկան 306 հազար 473 պացիենտների յոթնամյա դիտարկումների ընթացքում ստացված տվյալները, որոնք մասնակցել են UK Biobank-ի երկարաժամկետ հետազոտությանը: Բոլոր կամավորների բժշկական պատմության մեջ գրանցված չեն եղել ինսուլտի կամ սրտի նոպայի դեպքեր: Առողջ ապրելակերպին հետեւելը գնահատվել է գործածվող մրգերի, բանջարեղենի եւ ձկան քանակով, կանոնավոր ֆիզիկական վարժություններով եւ ծխելուց ձեռնպահ մնալով:
Պարզվել է, որ ինսուլտի նկատմամբ ժառանգական նախահակվածությունը 35 տոկոսով մեծացրել է ուղեղի արյունամատակարարման խախտման հավանականությունն՝ անկախ ապրելակերպից: Սակայն այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծխելը, անառողջ սննդակարգը եւ անբավարար ֆիզիկական ակտիվությունը հանգեցրել են եւս 66 տոկոսով վտանգի մեծացման: