Բաժիններ՝

Իսահակյանի անվան գրադարանում նշվեց «Արմենպրես»-ի երկարամյա տնօրեն Արտավազդ Խաչիկյանի հոբելյանը

Հայաստանի այն գործիչներից էր, ով հավասարապես ճանաչված էր թե՜ որպես լրագրող, թե՜ որպես կուսակցական և կոմերիտական գործիչ, թե՜ որպես սպորտային գործի հմուտ կազմակերպիչ։

Նա մեկուկես տասնամյակ եղել է ՀՀԳ-ի (ներկայումս՝ «Արմենպրես») տնօրենը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի մի քանի գումարումների պատգամավոր։

Հանդիսավոր նիստից առաջ «Արմենպրես»-ի մի խումբ աշխատակիցներ իրենց տնօրեն Արամ Անանյանի գլխավորությամբ ՝ Արտավազդ Խաչիկյանի հարազատների ուղեկցությամբ այցելեցին Երևանի քաղաքային գերեզմանոց, որտեղ ծաղիկներ դրեցին Արտավազդ Խաչիկյանի գերեզմանին, խնկարկեցին այն։

Ավետիք Իսահակյանի անունը կրող գրադարանի նիստերի դահլիճ էին եկել «Արմենպրես» լրատվական գործակալության վետերաններ, մերօրյա «Արմենպրես»-ի աշխատակիցներ, տարբեր ԶԼՄ-ի, գրասեր հասարակայնության ներկայացուցիչներ, Արտավազդ Խաչիկյանի ժառանգները, այլ հարազատներ։

Դահլիճում տեղադրված գրքերը, լուսանկարները, տեսահոլովակներով ցուցադրվող կադրերը վկայում են այն հետաքրքիր և բեղմնավոր կյանքի մասին, որ ունեցել է օրվա հոբելյարը։

Հանդիսությունը ներածական խոսքով բացեց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ով Արտավազդ Խաչիկյանին բնութագրեց որպես հիանալի լրագրողի, ականավոր գործչի, մեծ հայրենասերի ու քաղաքացու։

Արտավազդ Խաչիկյանի մասին խոսք ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը։

«Այսօր մենք հավաքվել ենք նշելու մի մարդու հարյուրամյակը, ով անուրանալի ծառայություն ունի «Արմենպրես» լրատվական գործակալության՝ որպես արդի կարևոր ինֆորմացիոն ծառայություն կայացման և զարգացման գործում, ինչի շնորհիվ գործակալությունը տարիներ շարունակ մնում է որպես հանրապետության լրատվական միջոցների առաջատարը»,- ասաց Արամ Անանյանը։

Երջանիկ պատահականությամբ, շեշտեց Արամ Անանյանը, Արտավազդ Խաչիկյանի հարյուրամյակը համընկնում է մեր գործակալության՝ «Արմենպրես»-ի, հիմնադրման 100-ամյակին։ Սրանում էլ, երևի, ինչ-որ խորհուրդ կա։

Բանախոսը նշեց, որ Արտավազդ Խաչիկյանը ոչ միայն անուրանալի վաստակ ունի «Արմեպրես» լրատվական գործակալության հեղինակությունը բարձրացնելու, իր ժամանակի հայ ժուռնալիստիկայի մակարդակը բարձրացնելու գործում, այլև ստեղծել է յուրահատուկ սիմվոլներ, որոնցով այսօր առաջնորդվում են մերօրյա արմենպրեսականները և ոչ միայն նրանք։

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը խոսեց Արտավազդ Խաչիկյանի մասին որպես լրագրողական համքարության նախագահի, ընդգծելով նրա նվիրվածությունը գործին, կազմակերպչական ունակությունները, որոնք նա գործադրում էր ի նպաստ Ժուռնալիստների միության և խորհրդահայ ժուռնալիստիկայի բարգավաճման։

Արտավազդ Խաչիկյանի մասին հուշեր պատմեցին ՀՀԳ-Արմենպրես գործակալության երկարամյա գլխավոր խմբագիր, Հայկական ԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ Նորա Մելիքյանը, Լորիս Ղուկասյանը, Հայաստանի Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանը, ով տասնամյակներ շարունակ աշխատել է Արտավազդ Խաչիկյանի կողքին իբրև ժուռնալիստների միության պատասխանատու քարտուղար, ապա Խաչիկյանի երաշխավորմամբ ընտրվել է այդ միության նախագահ և երկար տարիներ գլխավորել այն։

Ցերեկույթը վարող դերասանուհի Գայանե Սամվելյանը հրապարակեց նախկին արմենպրեսական, ներկայումս «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի ողջույնի խոսքը, որ նա ուղարկել էր գործուղման վայրից.

«Ինձ համար Արտավազդ Խաչիկյանը եղել է ժուռնալիստիկայի բնագավառի այն անհատներից մեկը,որից ես սովորել եմ ամեն քայլափոխի։ Եվ հետագա իմ ամբողջ գործունեությունը ուղեկցվել է ՀՀԳ-Արմենպրես ինֆորմացիոն գործակալության դժվարին, բայց պրոֆեսիոնալ դպրոցը,- մասնավորապես ասել է Ռոբերտ Մաթոսյանը»։

Նշվեց Արտավազդ Խաչիկյանի հոբելյանը

Նշվեց Արտավազդ Խաչիկյանի հոբելյանը

Gepostet von Armenpress am Freitag, 19. Oktober 2018

«Արմենպրես»-ի վետերաններից մեկը՝ Լևոն Ազրոյանը, ով այսօր էլ աշխատում է հարազատ գործակալությունում, ընդգծեց Արտավազդ Խաչիկյան-մարդուն բնորոշող հայրենասիրությունը, բարոյականությունը, գործին անմնացորդ նվիրվածությունը, մարդասիրությունը և մարդակային այլ հատկանիշները։ Իր ասածները հիմնավորելու համար նա մի քանի օրինակ բերեց գործունեության այն ոլորտներից, որտեղ տարբեր տարիներին աշխատել է լրագրող, կուսակցական և կոմերիտական գործիչ, սպորտային գործի կազմակերպիչ Արտավազդ Խաչիկյանը։

Արտավազդ Խաչիկյանի դուստրը, բժշկական գիտությունների թեկնածու Մերի Խաչիկյանը, ելույթ ունենալով հուշ-ցերեկույթի վերջում, նախ մեկիկ-մեկիկ ներկայացրեց Ա.Խաչիկյանի՝ դահլիճում գտնվող հարազատներին, այդ թվում՝ իր կրտսեր եղբորը՝ լրագրող Ալեքսանդր Խաչիկյանին, իր ամուսնուն՝ բժշկական գիտությունների թեկնածու Ալբերտ Խաչատրյանին, Արտավազդ Խաչիկյանի առաջին թոռնուհուն՝ Աննա Խաչիկյանին, մյուս հարազատներին, ապա Խաչիկյանների գերդաստանի անունից շնորհակալություն հայտնեց ցերեկույթի կազմակերպիչներին, մասնավորապես, «Արմենպրես»-ի ղեկավարությանը՝ ի դեմս նրա տնօրեն Արամ Անանյանի և Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կոլեկտիվին՝ ի դեմս տնօրեն Հասմիկ Կարապետյանի։

Ցերեկույթն ընդմիջարկվում էր հայ դասական բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի բանաստեղծություններով, որ վարպետորեն և մեծ հուզականությամբ արտասանում էր ցերեկույթը վարող Գայանե Սամվելյանը։

Ցերեկույթի մասնակիցներին նվիրեցին Արտավազդ Խաչիկյանի հեղինակած գրքերից։

Լևոն Ազրոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս