Ղրիմում և Սևաստոպոլում սգում են Կերչի քոլեջում պայթյունից զոհվածների համար
Ղրիմում եւ Սեւաստոպոլում սկսվել է եռօրյա սուգը, որը հայտարարվել է այն բանից հետո, երբ ուսանողը պայթյուն եւ հրաձգություն սարքեց Կերչի պոլիտեխնիկական քոլեջում:
Խոնարհված են դրոշները, հեռուստառադիոընկերություններին հանձնարարված է չեղարկել ժամանցային հաղորդումները, Ղրիմի քաղաքներում կանցկացվեն հիշատակի ակցիաներ, իսկ տաճարներում՝ հոգեհանգստի արարողություններ:
Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողը կրակ է բացել եւ պայթյուն իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն է գործել: Պատահարի հետեւանքով զոհվել է 20 մարդ, ներառյալ չարագործը: Շուրջ 50 հոգի հոսպիտալացվել է, նրանցից 10-ը ծանր վիճակում են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես հոկիտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Կերչի քոլեջում պայթյունից եւ հրաձգությունից զոհվածներից տասնմեկը անչափահասներ են: Կերչի իշխանություններն առայժմ չեն հրապարակում զոհվածների ցուցակը: Քրեական գործը, որը հարուցվել էր «Ահաբեկչություն» հոդվածով, վերաորակավորվել է «Սպանություն» հոդվածի: Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ է հայտարարված, հաղորդել է ՏԱՍՍ-ը: