ԿԺԴՀ-ում պատրաստ են մի ամբողջ դար ապրել միջազգային պատժամիջոցների ներքո
ԿԺԴՀ-ում, եթե պահանջվվի, պատրաստ են թեկուզ մի ամբողջ դար ապրել միջազգային պատժամիջոցների գործողության ներքո՝ հենվելով բացառապես սեփական ուժերի վրա: Այդ մասին հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Նոդոմ սինմուն» հյուսիսկորեական թերթի՝ Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմի օրգանի հրապարակումը:
«Նոդոմ սինմուն»-ի հոդվածում ասված է, որ ԿԺԴՀ-ն ինքնուրույն կկարողանա ապրել թեկուզ հարյուր տարի: «Թող նրանք պատժամիջոցներին հետեւեն թեկուզ հետագա տասը տարվա կամ հարյուր տարվա ընթացքում: Մենք կհաղթահարենք ցանկացած պատժամիջոց ու դժվարություն՝ դառնալով աշխարհի ամենահզոր տերությունն ու սոցիալիստական դրախտը»,- գրում է թերթը:
Հյուսիսային Կորեայում նաեւ նշել են, որ «թշնամիները» որոշեցին «սպանիչ շրջափակումն իրականացնել այն բանից հետո, երբ տապալվեցին ԿԺԴՀ-ն ռազմական ուժով խեղդելու նրանց փորձերը»: Նյութի հեղինակները կոչ են անում հյուսիսկորեացի քաղաքացիներին՝ պայքարել իրենց տնտեսական անկախության համար եւ զարգացնել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն հաղթահարելու պատժամիջոցների հետեւանքները: Հարավկորեական ԶԼՄ-ները նշում են, որ այս մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ այս շաբաթ ավելի վաղ Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում նրանք հանդես եկան Փհենյանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների վերնայման օգտին: Մոսկվայում կայացած կոնսուլտացիաներում կողմերը պաշտպանել են Փհենյանի եւ Վաշինգտոնի, ինչպես նաեւ Փհենյանի եւ Սեուլի միջեւ տեղի ունեցող շփումները:
Ռուսաստանը, Չինաստանն ու ԿԺԴՀ-ն նշել են, որ Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացը պետք է ունենա փուլային ու համաժամանակյա բնույթ եւ ուղեկցվի ներքաշված երկրների ընդառաջող քայլերով: Իր հերթին, Կորեայի Հանրապետությունը դիտարկում է այն պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, որոնք ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանվել են միակողմանի կարգով: Ինչպես հոկտեմբերի 9-ին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան՝ ելույթ ունենալով խորհրդարանական լսումների ընթացքում, «ներկայում կառավարությունը դիտարկում է դրա հնարավորությունը»: Կան Գյոն Հվայի խոսքով՝ միակողմանի պատժամիջոցների չեղարկումը կդառնար «կարեւոր խորհրդանշական քայլ», քանի որ դրանք մեծապես կրկնորդում են ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանափակիչ միջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: