Էրդողանը փորձում է միջամտել Բելգիայում կայանալիք ընտրություններին

Հոկտեմբերի 14-ին Բելգիայի` մեծությամբ երկրորդ` Անտվերպեն քաղաքում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման ընտրություններ, որին մասնակցելու է 13 կուսակցություն։

Այդ ընտրություններում  «Նոր ֆլամանական դաշինք» (NVA) իշխող կուսակցության ցուցակում ներկայացված է նաև մեր հայրենակից, Բելգիայի հայկական կազմակերպությունների ընդհանուր համակարգող, ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի ներկայացուցիչ, «Նուարդ » մշակութային միության երիտասարդական կառույցի ղեկավար Շահնուր Մինասյանը:

168.am-ի թղթակցի հետ զրույցում Շահնուր Մինասյանն ասաց, որ առաջարկը ստացել է քաղաքապետից, ով հենց այդ իշխող կուսակցության ներկայացուցիչ է։ Ինքը՝ NVA-ն երկրում բավականին ներկայանալի է, ունի մեծ կշիռ ու հզոր ներուժ։

NVA –ի ցուցակում Շահնուր Մինասյանը 37-րդ տեղում է գտնվում: Պատգամավորի թեկնածուն իր հաջողության հնարավորություններն ընտրություններում բավականին բարձր է գնահատում։ Ըստ նրա՝  եթե հայ համայնքի կեսն էլ մասնակցի՝ հնարավոր է հասնել հաջողության, թեպետ կարծում է, որ ազգային փոքրամասնությունների այլ ներկայացուցիչներ նույնպես իրենց քվեն կտան իր օգտին։

Շահնուր Մինասյանը նշում է, որ ընթանում է բավականին կոռեկտ քարոզարշավ, և կարծես թե քարոզարշավի ընթացքը խոչնդոտող միջադեպեր չեն գրանցվել։

Օրերս, սակայն, բելգիական պարբերականներից մեկում հրապարակվեց Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ուղերձը, որով նա Բելգիայում բնակվող թուրքերին կոչ է արել հոկտեմբերի 14-ին կայանալիք ընտրություններում քվեարկել CD&V կուսակցության օգտին, որոնց ընտրացուցակներում, ըստ տարածված լուրերի, ընդգրկված են նաև թուրքական աջ ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության աջակիցներ։

Այս համատեքստում առավել է կարևորվում իր համամասնական ցուցակում հայազգի թեկնածու ունեցող NVA կուսակցությանը ձայն տալու հանգամանքը։

Ինքը՝ Շահնուր Մինասյանը, ցինիզմ է որակում Էրդողանի կոչը և հույս հայտնում, որ այն հատկապես հայազգի ընտրողների համար լրացուցիչ մոտիվացիա կլինի NVA կուսակցությանն ընտրելու համար։

Հավելենք, որ Շահնուր Մինասյանը տարիներ շարունակ տարբեր հարթակներում անհաշտ պայքար է մղել թուրքական ժխտողականության դեմ։

Տեսանյութեր

Լրահոս