Մահացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Նեոնիլա Կրյուկովան
Կյանքի 75-րդ տարում վախճանվել է Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Նեոնիլա Կրյուկովան: Այդ մասին հոկտեմբերի 5-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Ուկրաինայի մշակույթն անդառնալի կորուստ է կրել. հավերժության գիրկն է անցել ականավոր դերասանուհի, փայլուն տաղանդի տեր եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդը՝ Ուկրաինայի հերոս, Ուկրաինայի ժողովրդական արտիստ, Շեւչենկոյի մրցանակի դափնեկիր Նեոնիլա Կրյուկովան: Անկեղծ ցավակցություններս՝ Նեոնիլա Կրյուկովայի հարազատներին ու մերձավորներին»,- գրել է Պորոշենկոն Twitter-ի իր միկրոբլոգում:
Նեոնիլա Կրյուկովան ծնվել է 1943 թվականի նոյեմբերի 14-ին Կիրովոգրադի մարզի Պոպովկա գյուղում: Նա ավարտել է Կիեւի թատերական արվեստի պետական ինստիտուտը: 43 տարի որպես դերասանուհի է աշխատել Կիեւի ֆիլհարմոնիայում: 2008 թվականին նրան շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: