Բաժիններ՝

Ֆրանկոֆոն երկրների դրոշները հետաքրքիր լուծումներով ներկայացվեցին նկարչուհի Ասիլվայի անհատական ցուցահանդեսում

Հայաստանը խորհրդանշող Արարատը, նուռը, եկեղեցիները, Ֆրանկոֆոն երկրների դրոշների բազմազան գույները ժամանակակից լուծումներ են ստացել ֆրանսահայ նկարչուհի Ասիլվա Ռոգիի ստեղծագործություններում` կտավներում և օբսիդիան քարերի վրա արված գործերում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի ծրագրերի շրջանակում անցկացվող ցուցահանդեսը բացվեց հոկտեմբերի 4-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում:

«Ասիլվան  հիմնադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցությունը,  նա առաջին քրիստոնյա նկարչուհին  է, որը 1973 թվականին արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի: Կարևորում եմ, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ներկայացված են արտերկրում գործունեություն ծավալող արվեստագետների  ստեղծագործություններ»,-նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նա ասաց, որ, սրահում շրջելով, նկարչուհու կտավներում գունային խաղ է նկատել, որում խորհրդանշական տարրերը բավականին շատ են: «Ինչպես տեսնում եք, պատկերված են տարբեր երկրների դրոշների գույները, որոնք ներկայացված են երկրաչափական հետաքրքիր լուծումներով»,-հավելեց նախարարը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթն ասաց, որ  ցուցադրված ստեղծագործություններում բացահայտում է երանգներ, որոնք իրեն հոգեհարազատ են: «Կապույտ, սպիտակ, կարմիր, կարմիր, կապույտ, նարնջագույն և, բնականաբար, Ֆրանկոֆոնիայի անդամ այլ  երկրների դրոշները խորհրդանշող բազմաթիվ գույներ»,-նշեց դեսպանը և շնորհակալություն հայտնեց Ասիլվային այն էներգետիկայի համար, որ նա փոխանցում է իր գործերով:

«Հայաստանում շատ եմ ցուցահանդեսներ ունեցել և այստեղի գրեթե բոլոր թանգարաններում իմ աշխատանքներից կան: Այս անգամ ՀՀ մշակույթի նախարարությունից ստացա առաջարկը: Հատուկ այս սրահում ներկայացնելու համար նոր ստեղծագործություններ են ծնվել»,-ընդգծեց Ասիլվա Ռոգին:

Նա խոստովանեց, որ ոչ միշտ է գեղեցիկ տեսարաններ տեսնելիս ցանկանում  դրանք հանձնել կտավին: «Եթե նկարում եմ լեռներ, ուրեմն դրանք հոգուս մեջ են.  իմ հույզերը, զգացողություններն եմ այս գույներով արտահայտում»,-ասաց նկարչուհին:

Ասիլվա Ռոգին անդրադարձավ այն փաստին, որ իր ընկերների աջակցությամբ հիմնադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցությունը  և նշեց, որ այդպես ցանկացել է աջակցել հայ ստեղծագործողներին: «Սփյուռքահայերս պետք է  օգնենք Հայաստանի արվեստագետներին ավելի հեշտ ճանապարհներ գտնել առաջընթացի համար, քանի որ բավականին բարդ է լինել օտար երկրում և հաջողությունների հասնել: Ուրախ եմ, որ կարողացել եմ ինչ-որ կերպ օգնել»,-նշեց նկարչուհին և խոստովանեց, որ ինքը նույնպես ստիպված է եղել խոչընդոտներ հաղթահարել ճանաչման հասնելու  ճանապարհին:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 25-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս