Շիրակի ու Լոռու մարզերը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են. Տիգրան Ավինյան
Աշխատանքային առաջին այցով սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ փոխվարչապետը ծանոթացավ մարզի համայնքներին հուզող խնդիրներին: Հանդիպմանը ներկա էին գերատեսչությունների, ուժային կառույցների ներկայացուցիչները և մարզի համայնքների ղեկավարները:
Ներկայացնելով մարզում իրականացվող ծրագրերն ու խնդիրները՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը փաստեց, որ ներկայում մարզում իրականացվելու է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած հրատապ 23 ծրագիր, որոնք այս պահին նախագծա-նախահաշվային փուլում են: Մարզի համայնքներից առաջին անդրադարձը Գյումրիին էր վերաբերում:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը փաստեց, որ Գյումրիում ներկա պահին իրականացվում է 3 ծրագիր՝ տեղական բյուջեով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: «Այս պահին քաղաքում բուռն աշխատանքներ են իրականացվում այս ծրագրերով, ևս երկու ծրագիր իրականացվում է ՀՀ կառավարության հետ՝ դրանք Գյումրու «Մուշ-2» թաղամասի կառուցման և տեխնիկայի ներկրման ծրագրերն են»,-նշեց Գյումրու քաղաքապետը: Անդրադառնալով խնդիրներին՝ Սամվել Բալասանյանը նշեց, որ ևս 3 ծրագիր ներկայացված է ՀՀ կառավարության հաստատմանը. «Այդ ծրագրերի կարևորությունից ելնելով՝ խնդրում ենք հաստատել այդ ծրագրերը, որոնք կապված են քաղաքային տրանսպորտի, ջերմամեկուսացման, աղբահանության և աղբի վերամշակման փոքր գործարան ստեղծելու հետ: Այս ծրագրերն այս պահին ներկայացված են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն»: Գյումրու քաղաքապետն իր խոսքում նաև փաստեց, որ կա Գյումրու բյուջեի վերանայման անհրաժեշտություն. «Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք բյուջե, Գյումրին՝ լինելով երկրորդ քաղաքը, 6 միլիոնի բյուջե: Այս համահարթեցման բանաձևը փոփոխության ենթարկելուց հետո համայնքները կզարգանան»:
Խնդիրներ ներկայացրեցին նաև մյուս համայնքների ղեկավարները: Հանդիպումից հետո լրագրողների հետո ունեցած հանդիպման ժամանակ փոխվարչապետը նշեց, որ Գյումրիում շատ հարցեր կլուծվեն մի քանի ոլորտների զարգացմամբ: «Կարծում եմ՝ աշխատատեղերի ստեղծման մի քանի ոլորտ կա և այդ աշխատատեղերի ստեղծման ճանապարհները պետք է իրագործելի լինեն: Այդ ոլորտներից առաջնայինը թեթև արդյունաբերության ոլորտն է: Այս ոլորտում մոտակա 1-2 տարվա ընթացքում մենք լուրջ արդյունքներ ենք ունենալու»,- նշեց փոխվարչապետը փաստելով, որ արդեն կա պայմանավորվածություն Գյումրիում թեթև արդյունաբերության դպրոցի ստեղծման: Փոխվարչապետը նաև նշեց, որ Գյումրիում կա նաև ՏՏ ոլորտի զարգացման մեծ ներուժ. «Կարծում են նաև ՀՀ կառավարության կողմից փոքր ու միջին ձեռնարկությունների խրախուսումն է, որ կարող է նոր հնարավորություն ստեղծել: Քանի որ Գյումրիում և ողջ մարզում այս հարցերն ամենասուրն են՝ Շիրակի և Լոռու մարզերը լինելու են մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի նման նախաձեռնություններն ի վերջո կյանքի կոչվեն և չմնան խոսքերի մակարդակով»:
Անդրադառնալով Գյումրին Ազատ տնտեսական գոտի հռչակելու խնդրին՝ Տիգրան Ավինյանը փաստեց, որ այդ փաթեթն արդեն կառավարությունում է, և կան որոշակի ընկերություններ, որոնք արդեն հետաքրքրված են այդ ազատ տնտեսական գոտու մասնակցությամբ: «Ես համոզված եմ, որ դա տեղի է ունենալու, ինչպես նաև տեղի է ունենալու «Շիրակ» օդանավակայանի վերանորոգումը, և շատ ավելի մեծ քանակի չվերթներ են իրականացվելու: Բանակցություններ են արդեն գնում խոշոր ՝ այսպես կոչված, լոուքոսթերի հետ, և ես կարծում եմ, որ սա ևս ազդելու է Շիրակի մարզի տնտեսության վրա: Մարզի տնտեսության զարգացման վրա ազդելու են նաև խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, այդ թվում՝ նաև «Հյուսիս-Հարավը»»,-նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Այցի շրջանակներում փոխվարչապետը եղավ նաև մարզի այլ համայնքներում:
Արմենուհի Մխոյան