Գեղարվեստի մաեստրոն, ով կարողանում էր միաձուլել ազգայինն ու համամարդկայինը
Գեղանկարիչ, արձանագործ Երվանդ Քոչարի արվեստը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի բացառիկ երեւույթներից է։ Նա իր մտածողությամբ եւ կերպարվեստի մեջ ունեցած ավանդով առաջ էր անցել ժամանակից եւ այսօր էլ դեռ շարունակում է մնալ առջեւում։
Հաջորդ տարի կլրանա հանճարեղ արվեստագետի ծննդյան 120-ամյակը եւ մահվան 40-րդ տարելիցը։ Քոչարը ծնվել է Թիֆլիսում, սովորել Ներսիսյան դպրոցում, միաժամանակ հաճախել Գեղարվեստը խրախուսող Կովկասյան ընկերության նկարչական դպրոցը։ Թիֆլիսից հետո Մոսկվա, Պոլիս, Վենետիկ ․․․ այս քաղաքներով է անցել Քոչարի՝ որպես անհատի եւ արվեստագետի թրծման այն ճանապարհը, որի գլխավոր հանգրվաններից էին դառնալու Փարիզն ու Երեւանը։
1923 թ ամռանը նա հաստատվում է Փարիզում։ Շատ չանցած գրող, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի նախաձեռնությամբ «Ապագա» թերթի խմբագրատանը բացվում է Քոչարի աշխատանքների ցուցահանդեսը։ Թեեւ այն հայկական միջավայրում էր, սակայն հիմք հանդիսացավ, որպեսզի արդեն հաջորդ տարի երիտասարդ նկարիչը մասնակցի «Անկախականների սալոնի» եւ «Աշնանային սալոնի» ցուցահանդեսներին՝ արժանանալով արվեստի քննադատների դրվատական գնահատականներին։
Այդ տարիներին Ֆրանսիայում խմորվում եւ զարգանում էր նոր խոսք կերպարվեստի բնագավառում, այդտեղ էին ապրում եւ ստեղծագործում գեղարվեստի աշխարհի մեծերը։ Բնականաբար միջավայրն իր ազդեցությունն ունեցավ Քոչարի վրա՝ հարստացնելով նրա գեղագիտական ընկալումները, սակայն արվեստագետը պահպանեց իր ինքնատիպ մտածողությունն ու կերպարվեստի բնագավառում հանդես եկավ համարձակ նորարարություններով։ 1936թ․ հրատարակվեց «Դիմանսիոնիզմի մանիֆեստը»՝ դառնալով ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարը։ Այն ստորագրողներից էր նաեւ Քոչարը, ով արդեն իսկ տարիներ շարունակ կյանքի էր կոչում հռչակագրի հիմնարար գաղափարները։ Դրանցից մեկը բաց քանդակի գաղափարն էր, մյուսը՝ տարածական նկարչությունը, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չափում։ Եվրոպական արվեստաբանական շրջանակները Քոչարին համարում էին մոդեռն արվեստի ռահվիրաններից մեկը, ում շնորհիվ վերափոխվեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու նոր ուղի նախանշվեց համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքի համար։
Փարիզում անցկացրած 13 տարիների ընթացքում Քոչարն ունեցել է 5 անհատական ցուցահանդես եւ մասնակցել դարաշրջանի կարեւորագույն միջազգային ցուցահանդեսներին՝ ամեն անգամ արժանանալով բարձր գնահատանքի: Դրանց մասնակցում էին նաեւ Պիկասոն, Լեժեն, Կանդինասկին եւ ժամանակի փարիզյան դպրոցի կարկառուն այլ ներկայացուցիչները։
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը «ՀՀ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ թեեւ Քոչարը ստեղծագործել է ֆրանսիական միջավայրում, սակայն ազգային դիմագիծն այնուամենայնիվ երեւում է նրա ստեղծագործություններում։ «Արվեստագետի մեծությունը բնորոշվում է նրանով, որ չի մնում միայն էթնիկ միջավայրում, այլեւ ընդգրկում է այնպիսի թեմաներ, որոնք համամարդկային են եւ դրանց մեջ էլ կարողանում է դրսեւորել ազգային դիմագիծը։ Ժամանակի մեծերը միմյանց հետ շփվելով եւ ցուցադրվելով պետք է, որ ազդեցություն ունենային միմյանց վրա։ Արվեստի շրջանակներում կային թեմաներ, որոնք հուզում էին բոլոր արվեստագետներին, ինչպես օրինակ քաղաքակրթության ազդեցության թեման մարդու հոգեկան աշխարհի վրա, շարժման պատկերումը հարթության վրա եւ այլն։ Ամեն մեկը յուրովի էր փորձում լուծել այդ խնդիրները։ Քոչարի հանճարեղությունը, նորարարությունն արտահայտվեց նրանում, որ ստեղծեց իր ուրույն ոճը՝ տարածական նկարչությունը»,- ասաց նա։։
Այդ ամենը նա ցանկանում էր զարգացնել Հայաստանում, որտեղ տեղափոխվեց 1936 թվականին՝ բավականին բարդ ժամանակաշրջանում։ Ցավոք, Քոչարը հնարավորություն չունեցավ իր ավանգարդիստական մտքերը եւ այն ամենն, ինչ ձեռք էր բերել Փարիզում տարածել հայ երիտասարդության շրջանում։ Այդ ամենը հակասում էր խորհրդային գաղափարախոսությանը եւ արվեստագետը հայտնվեց մի հասարակարգում, որտեղ ազգայինը տեղ չուներ, արգելվում էր ցանկացած նորարարական քայլ։ Ի վերջո, նա չէր կարող պատկերացնել, որ իրեն այլեւս հնարավորություն չի տրվելու դուրս գալ երկրից։
Խորհրդային Հայաստանում հաստատվելուց 30 տարի անց միայն՝ 1965 թ․-ին, բացվեց Երվանդ Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը։ 1966 թվականին առանց արվեստագետի ներկայության ցուցահանդես է բացվում նաեւ Փարիզում, որը նախաձեռնել էին ֆրանսիական մշակույթի մի շարք ականավոր գործիչներ։ Դեռեւս 11 տարի առաջ՝ 1955թ․-ին սկիզբ առած շարժումը, որը միտված էր Քոչարին հրավիրել Փարիզ եւ կազմակերպել նրա խորհրդային շրջանում ստեղծված աշխատանքների ցուցահանդեսը, ապարդյուն էր։ Ի վերջո, ցուցահանդեսը կայացավ առանց Քոչարի եւ նրա հետփարիզյան ստեղծագործությունների։
Քոչարի շունչը Երեւանում
Չնայած բանտարկություններին եւ հալածանքներին, Քոչարն այնուամենայնիվ կարողացավ անդրադառնալ հայ ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունեցող այն կերպարներին, որոնք հավերժ են եւ ի զորու վերածնելու հայ ժողովրդի ազատագրական ոգին։ Այդպես ստեղծվեցին Երեւանի խորհրդանիշերը դարձած «Սասունցի Դավիթ» եւ «Վարդան Մամիկոնյան» ձիարձանները, Կոմիտասի արձանը Էջմիածնում, Սայաթ-Նովայի, Մեսրոպ Մաշտոցի եւ Ոսկան Երեւանցու դիմանկարները։ Վերջինիս դիմանկարն արվել է 1946 թվականին, երբ Քոչարը նոր էր դուրս եկել բանտից եւ բոլոր նախադրյալները կային կրկին այնտեղ վերադառնալու։ «Աթեիստ երկրում Աստվածաշունչը հայերեն թարգմանած Ոսկան Երեւանցու դիմանկարը ստեղծելու համար մեծ համարձակություն էր պետք ունենալ»,- նկատեց Կ․ Քոչարը։
Երվանդ Քոչարի արվեստը գրեթե ամենուր ներկա է 2800-ամյա մայրաքաղաքում։ Դրանք ոչ միայն հայտնի արձաններ են, այլեւ ավանգարդ ոճի քանդակները։ 1972-ին Երեւանի Հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի բակում տեղադրվում է «Կիբեռնետիկայի մուսա» քանդակը։ Արվեստի այդ գործը հանրահռչակելու նպատակով թանգարանի կողմից աշխատանք է տարվում այն քաղաքային միջավայր դուրս բերելու համար, որի արդյունքում, ըստ թանգարանի տնօրենի, կշահի ոչ միայն քանդակը, այլեւ՝ քաղաքը։ ««Կիբեռնետիկայի մուսա»-ն բազմաթիվ ուղերձներ ունի։ Դրանցից մեկն այն է, որ աստված աշխարհի արարումը չի ավարտել յոթ օրվա ընթացքում եւ այն շարունակվում է առայսօր։ Մյուս ուղերձներն ամփոփել ենք մեր պատրաստած ֆիլմում, որը դիտելու հնարավորություն են ունենում թանգարանի այցելուները։ Մի քանի տարին մեկ այս քանդակի մոտ կազմակերպում ենք նաեւ միջոցառումներ՝ ամեն անգամ փորձելով հետաքրքիր ձեւաչափով նորովի ներկայացնել այն»,- նշեց տիկին Քոչարը, մանրամասնելով, որ նմանատիպ ծրագրեր իրականացնում են բոլոր արձանների մոտ։
2003-ին ՆՓԱԿ-ի առջեւ տեղադրվում է Քոչարի «20-րդ դարի մելամաղձությունը» քանդակի քառապատիկ մեծացված բրոնզաձույլ արձանը։ Ազգային ժողովի բակում է գտնվում նրա «Բիբլիական Դավիթ» քանդակի հնգապատիկ մեծացված բրոնզաձույլ արձանը։ Մայրաքաղաքի 2750-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» (1968) տարածական նկարի մեծացված տարբերակը ցուցադրվում է Մատենադարանի նորակառույց մասնաշենքի նախասրահում։ ««Էրեբունի-Երեւան» տարածանկարում գլխավերեւում պահված գիրքը խորհրդանշում է հայերիս պաշտամունքը գրի եւ գրականության հանդեպ։ Դա հարատեւ է եւ մեր գոյության նախապայմաններից մեկը։ Քոչարն ասում էր, որ արվեստում երկրորդական ոչինչ չկա, ցանկացած մանրուք իմաստ ունի։ Դիտողը պետք է բավարար ինտելեկտուալ պաշար ունենա, որպեսզի կարողանա բացահայտել Քոչարի ուղերձներն ու պատգամները։ Իսկ այցելուները շատ տարբեր են, նրանց հետաքրքրություններն էլ տարբեր են եւ անսպառ։ Յուրաքանչյուրը գտնում է իրենը Քոչարի ստեղծագործություններում։ Տեղացի հայերը նրան ճանաչում են հիմնականում որպես քանդակագործի՝ «Սասունցի Դավիթ»-ի հեղինակի, բայց թանգարան մտնելով հայտնաբերում են նկարիչ, նորարար, գրաֆիկայի վարպետ, համաշխարհային մեծության մի մարդու եւ այդ բացահայտումից ծնված ոգեւորությունը մեզ նույնպես փոխանցվում է»,- ասաց զրուցակիցս։
Քոչարի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի տարբեր թանգարաններում եւ անհատական հավաքածուներում։ Փարիզի ժամանակակից արվեստի՝ Պոմպիդու կենտրոնում է պահվում է նրա երեք ստեղծագործությունները՝ մեկական տարածական նկար, գեղանկար եւ գծանկար։ 1984 թվականից Մաշտոցի 39/12 հասցեում գործում է արվեստագետի թանգարանը, որտեղ կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Քոչարի ինքնատիպ արվեստի մասին։ Թանգարանի տնօրենի խոսքով, նրա յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր յուրահատուկ ճակատագիրը եւ իրենք փորձում են վերհանել այդ ամենը։ Առաջիկայում արվեստասեր ընթերցողի դատին կհանձնեն «Քոչարի Փարիզը» գիրքը, որտեղ ներկայացված է փարիզյան դպրոցի ներկայացուցիչների, հայտնի արվեստագետների հետ նամակագրությունը։ Գիրքը կլինի հայերեն եւ ֆրանսերեն։
Վերջին 10-15 տարիների ընթացքում թանգարանը համալրում չէր ունեցել, սակայն 2015 թվականին իտալահայ Պաոլո Զաքարյանից նվեր են ստանում նրա հոր դիմաքանդակը, որը Քոչարը ստեղծել էր այն ժամանակահատվածում, երբ ապրել է Վենետիկում (1922 նոյեմբերից մինչեւ 1923 օգոստոսը): Այնտեղ ստեղծում է քանդակների մի շարք, որոնց թվում էր ընկերոջ՝ Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը։ Կարինե Քոչարն ասաց, որ 15 տարի է տեւել մինչեւ իրենց հաջողվել է ձեռք բերել քանդակը։
Նշենք, որ Քոչարը նաեւ գյուտարար էր, նրա անձնական արխիվում պահվում են մի շարք գյուտերի համար ստացած հեղինակային իրավունքներ, որոնցից առաջինը ստացել է Փարիզում՝ 1932 թ էլեկտրական հրահանի գյուտի համար, հաջորդը՝ Մոսկվայում 1948 թ մոմաներկի նոր բաղադրատոմսի հայտնագործման համար։ Ի դեպ, Կոմիտասի դիմանկարն արված է հենց այդ մոմաներկով։
Լուսինե Մխիթարյան