Բաժիններ՝

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների սպանության կասկածյալին մահապատիժ է սպառնում

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Չիկագոյի բնակիչ Էլիաս Ռոդրիգեսին մեղադրանք է առաջադրել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի սպանության համար. նրան կարող է մահապատիժ սպառնալ։

Այս մասին հաղորդում է CNN-ը։Կասկածյալը դատավարության ընթացքում կմնա ճաղերի հետևում։

Հաջորդ դատական լսումները տեղի կունենան հունիսի 18-ին։

Մեղադրանքներից առնվազն մեկի՝ հրազենի կիրառմամբ սպանության համար կարող է կիրառվել մահապատիժ։ Կասկածյալը նաև մեղադրվում է առաջին կարգի սպանության, օտարերկրյա պաշտոնյաների սպանության, հանցագործության կատարման ժամանակ հրազենի գործադրման մեջ։ Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցները սպանվել էին մայիսի 21-ի երեկոյան, երբ դուրս էին գալիս հրեական թանգարանում անցկացված միջոցառումից։

Զոհերն են 30-ամյա Յարոն Լիսչինսկին և 26-ամյա Սառա Միլգրիմը։

Նրանք երկուսն էլ դեսպանատանն էին աշխատում և շուտով պատրաստվում էին նշանադրվել։

Ոստիկանությունը սպանության վայրից գտել է 9 մմ-անոց ատրճանակ և 21 կրակված փամփուշտ։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը սպանությունները դիտարկում է որպես ահաբեկչության գործողություն և ատելության հողի վրա կատարված հանցագործություն։

Ռոդրիգեսը հանցանքը կատարել է՝ ի աջակցություն Գազայի։ Ըստ ականատեսների և իրավապահների՝ կասկածյալը բացականչել է «Ազատություն Պաղեստինին» և ասել է, որ դա արել է «հանուն Գազայի»։

Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են դեսպանատան աշխատակիցների սպանությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս