«Ադրբեջանը և Թուրքիան իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար». Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններին: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական փոխգործակցության զարգացումը բոլոր հարթություններում եւ հավելել, որ այդ կապերի խորացման ու ընդլայնման համար ՀՀ խորհրդարանը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ աշխատանքին:
Քննարկվել են մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Այս առումով Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ընդգծելով. «Ադրբեջանի եւ Թուրքիայի նկրտումները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի անվտանգության համար: Այդ երկու պետություններն իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար »:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հոկտեմբերի 29-30-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցկացվեն պատշաճ մակարդակով: