Ինչու է Աշոտյանը այդքան սարսափում «կոռուպցիա» բառից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին կրթության նախկին նախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասում էր, որ վարչապետ Փաշինյանը ծածանում է կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակը և ինչ հարցադրում անում են, պատասխանում է, թե կոռուպցիայի դեմ են պայքարում:
Ինչու է Աշոտյանը այդքան սարսափում «կոռուպցիա» բառից և կոռուպցիայի դեմ պայքարից: Որովհետև ամբողջովին խրված է եղել կոռուպցիայի մեջ և շարունակում է մնալ, անգամ նոր իշխանության պարագայում:
Միայն մի շատ աննշան օրինակ. Աշոտյանը ԳԿՆ եղած տարիներից ցայսօր շարունակում է մնալ Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ: Իսկ նրա եղբայրը շարունակում է աշխատեցնել Բժշկական համալսարանի չորս սննդի օբյեկտները՝ երկու բուֆետները, սրճարանը և ճաշարանը: Մի՞թե սա կոռուպցիայի դասական օրինակ չէ, երբ մարդն իր դիրքն ու պաշտոնը օգտագործում է իր և իր շրջապատի համար եկամուտ ապահովելու համար: Թե՞ ինչ-որ մեկը մտածում է, որ Աշոտյանը ոչ մի կապ չունի այդ սննդի օբյեկտները իր եղբոր տնօրինմանը հանձնելու հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: