Առուշ Առուշանյանի փոխարեն խոսել չեմ կարող, ես իմ դիրքորոշումն ունեմ․ Իրինա Յոլյան
«Հարգելի գործընկերներ, բազմաթիվ առիթներ եղել են այդ հարցադրումները տալու Առուշ Առուշանյանին։ Ինքը բազմաթիվ անգամներ մեկնաբանել է, և հիմա նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել։ Ես իմ քաղաքական դիրքորոշումը ներկայացրել եմ, արտահայտել եմ, ասել եմ…»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի նախկին տեղակալ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը՝ պատասխանելով հարցին՝ երեկ ՔՊ-ականները հիշեցին Առուշ Առուշանյանին: Լրագրողները հարցնում էին՝ 2020 թվականին նա իշխանության հրաժարականն էր պահանջում, բայց որոշ ժամանակ անց նա այլևս հրաժարական չի պահանջում և, կարծես թե, լավ համագործակցում է իշխանությունների հետ․ վե՞րջ արդեն պայքարին։
«Սկզբունքայի՞ն եք համարում Առուշ Առուշանյանին»՝ հարցին Իրինա Յոլյանը պատասխանեց․
«Ես պատերազմից հետո որևէ իմաստով կաշկանդված չեմ եղել խոսել բոլոր խնդիրների մասին»։ Լրագրողի դիտարկմանը՝ կաշկանդված եք, ուղիղ չեք պատասխանում, Իրինա Յոլյանը հակադարձեց․
«Ես չեմ կարող ուրիշների փոխարեն խոսել և մեկնաբանել։ Ես կարող եմ իմ տեսակետն արտահայտել և կարող եմ ասել, որ ինքս մշտապես բարձրաձայնել եմ խնդիրների և մարտահրավերների մասին։ Բավականին շատ լրագրողներ գիտեն՝ հենց այդ ժամանակահատվածից մինչ օրս բոլոր հարցերի, մարտահրավերների, պրոբլեմների մասին ես կաշկանդված չեմ եղել խոսելու։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես իմ դիրքորոշումն ունեմ և չեմ մեկնաբանում որևէ այլ տեսակետ»։ Լրագրողի պնդմանն ի պատասխան՝ Առուշ Առուշանյանին համարո՞ւմ եք սկզբունքային, որովհետև նա «սյունյաց ողջույններ» էր կազմակերպել Փաշինյանի համար, բայց հիմա ջերմ դիմավորում է նրան, դուք այստեղ փոփոխությունը ինչպե՞ս եք մեկնաբանում, Իրինա Յոլյանը կրկնեց․
«Առուշ Առուշանյանի փոխարեն խոսել չեմ կարող, ինքս կաշկանդված չեմ, ես իմ դիրքորոշումն ունեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում:

