Շվեդիան պատրաստվում է արգելել «հավերժական քիմիկատների» օգտագործումը խոհանոցային պարագաների և հագուստի արտադրության մեջ
Շվեդիան մտադիր է 2028 թվականից արգելել «հավերժական քիմիկատների» (ՊՖԱՄ-ներ) օգտագործումը խոհանոցային պարագաների և հագուստի արտադրության մեջ․ գրում է Euronews-ը։
ՊՖԱՄ-ները՝ պեր- և պոլիֆտորալկիլային միացություններ, արհեստական քիմիական նյութեր են, որոնք հայտնի են որպես «հավերժական քիմիկատներ», քանի որ չափազանց դժվար են քայքայվում և կարող են կուտակվել մարդու օրգանիզմում:
«Սա կարևոր հաղթանակ է առողջության և Շվեդիայի շրջակա միջավայրի համար», – հայտարարել է Շվեդիայի Կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Ռոմինա Պուրմոխթարին։
«ՊՖԱՄ-ները չպետք է օգտագործվեն հագուստի, կոսմետիկայի, խոհանոցային պարագաների և առօրյա այլ ապրանքների արտադրության մեջ, այն դեպքում, երբ կան դրանց արդյունավետ այլընտրանքներ», – հավելել է նախարարը։
Ակնկալվում է, որ Եվրամիությունը «հավերժական քիմիկատների» վերաբերյալ օրենսդրական առաջարկներ կներկայացնի 2027 թվականին։ Նշվում է, սակայն, որ ամբողջ ԵՄ տարածքում սահմանափակումների պաշտոնական հաստատման ու ուժի մեջ մտնելու համար կարող է երկար ժամանակ պահանջվել։
«Շվեդիայի կառավարությունը ցանկանում է առաջ անցնել ԵՄ-ից՝ սահմանելով ազգային արգելք», – հայտարարել է երկրի Կլիմայի և շրջակա միջավայրի նախարարությունը։
Այսպիսով Շվեդիան հետևում է Ֆրանսիայի օրինակին, որտեղ «հավերժական քիմիկատների» վերաբերյալ լայնածավալ արգելքն ուժի մեջ է մտել 2026 թվականին։

