Ռուսաստանում համաձայնեցվել են ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2026» զորավարժության հիմնական մանրամասները
Հուլիսի 7-9-ը Ռուսաստանում կայացել են ՀԱՊԿ-ի Հավաքական օպերատիվ արձագանքման ուժերի (ՀՕԱՈւ) մասնակցությամբ անցկացվելիք «Փոխգործակցություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժության, ինչպես նաև հետախուզական ուժերի և միջոցների ներգրավմամբ «Որոնում-2026» և նյութատեխնիկական ապահովման «Էշելոն-2026» հատուկ զորավարժությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ երկրորդ շտաբային բանակցությունները։
Շտաբային բանակցությունների ընթացքում հստակեցվել և համաձայնեցվել են զորավարժությունների մտահղացումները, որոնք փոխկապակցված են Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի «Կենտրոն-2026» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նպատակների հետ։ Քննարկվել են նաև ղեկավարության կազմակերպման, ուսուցանվող կառավարման մարմինների և ազգային զորախմբերի ստորաբաժանումների կազմերի, գործնական գործողությունների խաղարկման կարգի, ինչպես նաև համակողմանի ապահովման կազմակերպման հարցերը։
Կատարվել է ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին «Չեբարկուլսկի» զորավարժարանում նախատեսված զորավարժությունների անցկացման շրջանների տեղազննում։
ՀԱՊԿ-ի Հավաքական օպերատիվ արձագանքման ուժերը նախատեսված են կազմակերպության անդամ պետությունների անվտանգությանն ուղղված մարտահրավերներին և սպառնալիքներին արագ արձագանքելու համար։ Դրանց կազմում ընդգրկված են անդամ պետությունների զինված ուժերի մշտական մարտական պատրաստականության շարժական միավորումներ և զորամասեր, որոնք համալրված են ամբողջական հաստիքով և զինված են ժամանակակից, փոխհամատեղելի սպառազինությամբ ու ռազմական (հատուկ) տեխնիկայով։ ՀՕԱՈւ-ի կազմում ներառված են նաև ներքին գործերի մարմինների (ոստիկանության), անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների կազմավորումներ, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում լիազորված մարմինների ուժերը։

