Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան

Մինչ հոդվածիս բուն բովանդակությանն անցնելը իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին և քաղհալածյալներին:

Նախորդ անգամ գրում էի, որ Փաշինյանը միայն առաջին հայացքից է «քաոտիկ» հռետոր: Իրականում նրա հանրային խոսքը բրոունյան շարժում չէ, այլ հստակ հռետորաբանություն՝ կատարելագործված սոփեստություն:

Հին հույները, որոնք իրենց մաշկի վրա են զգացել սոփեստների ողջ քայքայիչ ազդեցությունը, մշակել էին որոշակի մեթոդաբանություն, թե ինչպես պետք է պայքարել հանրային խոսքի նման դրսևորումների դեմ:

Դասական հռետորաբանությունը փաստում է, որ գործչի խոսքի ազդեցությունը 3 հիմնական աղբյուր ունի՝ լոգոս (խոսքի տրամաբանականությունը), էթոս (ելույթ ունեցողի հեղինակությունը) և պաթոս (հղում՝ էմոցիաներին):

Կարդացեք նաև

Եթե վերլուծենք Փաշինյանի խոսքն այս կտրվածքով, ապա կունենանք հետևյալ պատկերը՝ Նիկոլի խոսքի լոգոսը խոցելի է և թույլ (սա գիտակցված ընտրություն է սոփեստների համար,- Ա.Ա.), իր էթոսը՝ հեղինակությունը, սահմանափակվում է իր աջակիցների շրջանակով՝ գումարած ի պաշտոնե վարչապետական բոնուսը: Այնինչ պաթոսի՝ զգացմունքների առումով նա իր ոճի վարպետն է:

Առհասարակ սոփեստները խելացի և գրավիչ կերպարներ էին: Նրանցից վճարովի դասեր են վերցրել, օրինակ՝ Պերիկլեսը և Սոկրատեսը: Իսկ վերջինիս բրենդային՝ հարցուպատասխանային ոճը նա ամբողջությամբ ընդօրինակել է Աթենքի հռչակավոր սոփեստներից:

Փաշինյանի ուժեղ կողմերից մեկը նաև բացասական էմոցիաների ստեղծումն ու շահարկումն է քաղաքական նպատակներով: Եվ սա նույնպես գիտահեն է. պարզվում է, որ գլխուղեղում հաճույքի կենտրոններն ակտիվանում են բացասական էմոցիաներից, ինչպես պնդում են որոշ գիտնականներ. նման մարդիկ նեգատիվ սպառող «թմրամոլներ» են:

Երկրի ներսում վախի մթնոլորտը, պատերազմով սպառնալը որոշակի արդյունավետությամբ օգտագործվող հնարքներ են:

Հարկ է շեշտել մեկ այլ փիլիսոփայական եզրահանգում ևս: Ըստ Պլատոնի՝ մարդիկ հիմնականում գտնվում են անգիտության քարանձավի մեջ, որը նրանց հասանելի և ծանոթ միակ իրականությունն է: Սովորական դարձած այս «բանտարկությունը» մեծամասնության համար գերադասելի է ազատության վախեցնող անհայտությունից: Նման դեպքերում շատերը գերադասում են ծանոթ սուտն անծանոթ ճշմարտությունից՝ նախընտրելով հարմարավետությունն ու կաղապարը, անգամ, եթե դա մահացու է (Պլատոն):

Ամփոփելով այս ամենը՝ ի՞նչ խորհուրդ կտային հին հույները մեզ:

1. Չպարտվել Նիկոլին պաթոսով և հաղթել լոգոսով և էթոսով:

2. Չընկնել նրա սոփեստական թակարդները, չխաղալ նրա կանոններով:

3. Նիկոլն ատում է փաստերը, որոնք փորձում է ոչնչացնել հերքումներով: Ուստի, պարտադիր կանոն է՝ հերքել նրա պնդումները (!):

4. Հանրային խոսքում չմոռանալ մեծամասնությանը սոսնձող արժեքների մասին:

5. Տալ տեսլականներ, խոշոր վրձնահարվածներով պատկերել այլընտրանքային ապագան:

6. Երբեք չլինել անազնիվ հասարակության հանդեպ: Անազնվությունը գոլային փոխանցում է սոփեստներին (!):

7. Ամեն անգամ ընտրել ճիշտ պահը և ձևը Փաշինյանին հակադարձելու համար (հույները դա կոչում էին «կայրոս»,-Ա.Ա.):

8. Հիշել, որ «էքսպրոմտ» խոսքը շատ ավելի ազդեցիկ է և թիրախային, քան «օֆիցիոզը»:

Անշուշտ, այս ցանկն ավարտուն չէ, իսկ շատ բան կախված է նաև ընդդիմությունը ներկայացնող անձերից: Սակայն հաշվի առնելով, որ ընդդիմությունը մանդատները վերցնելու և Խորհրդարան գնալու կանխատեսելի որոշում է կայացրել, հուսամ, որ իմ մտորումները կարող են օգտակար լինել ընդդիմադիր պատգամավորներին:

(Շարունակելի…):

Հ.Գ. Եթե մոտ օրերս Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին: Ասե՛ք, թող չիր սարքի. ավելի սազական է ներկայիս «հայկական ժողովրդավարությանը»:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Վարդաշեն» ՔԿՀ

08.07.2026թ.

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031