Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ ցուցաբերել առավելագույն զգուշություն։
Արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Լենինգրադի մարզը և ռուսական մյուս շրջանները հաճախակի են դառնում անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիրախ։ Փաստաթղթում նշվում է, որ սա ազդում է նաև օդային երթևեկության վրա, ինչի պատճառով ավելի հաճախ են սպասվում չվերթների ուշացումներ ու չեղարկումներ։
Բացի այդ, նախարարությունը հղում է անում Ռուսաստանի առանձին վայրերում վառելիքի դեֆիցիտի մասին լուրերին և նախազգուշացնում համացանցի, ՎՊՆ ծառայությունների ու մի շարք սոցիալական ցանցերի գործունեության հնարավոր սահմանափակումների վերաբերյալ։ Գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ արտասահմանյան ՍԻՄ-քարտերը Ռուսաստան մուտք գործելուց հետո առաջին 24 ժամվա ընթացքում սովորաբար արգելափակվում են հաղորդագրություններ ուղարկելու և բջջային ինտերնետից օգտվելու համար։
Գերմանիայի ԱԳՆ-ն առանձնակի շեշտել է, որ միջազգային վճարային համակարգերի բանկային քարտերը, այդ թվում՝ Գերմանիայում թողարկված Վիզան և Մաստերքարտը, Ռուսաստանի տարածքում չեն գործում։ Այդ իսկ պատճառով հնարավոր չէ դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանի Դաշնություն, օգտվել սովորական վճարային հավելվածներից կամ կանխիկացնել միջոցներ բանկոմատներից։
Նախարարությունը հաստատակամորեն հորդորել է Ռուսաստանում գտնվող Գերմանիայի քաղաքացիներին հեռանալ երկրից։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ վտանգի առավել բարձր մակարդակ առկա է Ուկրաինային սահմանակից շրջաններում՝ ներառյալ Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի, Վորոնեժի և Ռոստովի մարզերը, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասը։
Հունիսի 17-ին ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը հայտնել էր, որ 2025 թվականի սկզբից ի վեր ավելի քան 1000 օտարերկրացի ստացել է ռուսական «ավանդական արժեքների վիզա»։ Ինչպես նա նշել է, ամենաշատը նման վիզաներ տրամադրվել են Գերմանիայի քաղաքացիներին՝ 168։ Հաջորդում են Ֆրանսիան (140), ԱՄՆ-ը (105), Իտալիան (100) և Էստոնիան (63)։

