Սա Ռուսաստանի համար անընդունելի է. Ալեքսանդր Խրամչիխին

2026 թվականի գարնանից ուկրաինական պատերազմը թևակոխել է անորոշության և էսկալացիայի նոր փուլ․ Ուկրաինան ինտենսիվացրել է հարվածները, թիրախավորել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները, նավթային տերմինալներն ու վառելիքի փոխադրման ենթակառուցվածքները, այդ թվում՝ Ղրիմում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունում է՝ ուկրաինական հարվածների հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքների հետ խնդիրներ և վառելիքի որոշ պակաս է առաջացել, սակայն պնդել է՝ իրավիճակը «կրիտիկական չէ»։

«Մենք հիմա որոշակի պակաս ենք նկատում, բայց այն կրիտիկական չէ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Նրա խոսքով՝ ուկրաինական հարվածները «խնդիրներ են ստեղծում, դա ակնհայտ է»։ Միաժամանակ Պուտինը պնդել է, թե վնասված էներգետիկ օբյեկտները «բավական արագ վերականգնվում են», և համակարգն աշխատում է «ամրության մեծ պաշարով»։ Վառելիքի պակասը հաղթահարելու համար, ըստ Պուտինի, անհրաժեշտ է արագացնել նավթավերամշակման գործարանների վերանորոգումը, ապահովել վառելիքի պահանջվող ներմուծումը և հակաօդային պաշտպանության միջոցներով ավելի լավ պաշտպանել այդ օբյեկտները։ Պուտինը նաև ասել է, որ Ղրիմում վառելիքի պաշարը մի քանի օրվա համար է, իսկ մատակարարումները կավելացվեն ցամաքային և ծովային ճանապարհներով։

Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը պետք է արագացնի հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունը։ Միաժամանակ նա պնդել է, թե ռուսական ուժերն Ուկրաինայում առաջ են շարժվում, և մերժել է հրադադարի կամ բանակցությունների պայմանների շուրջ զիջումների հնարավորությունը։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանի խորքային օբյեկտների, մասնավորապես՝ Կրասնոդարի և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանների ուղղությամբ իրականացված մասշտաբային հարձակումները վկայում են պատերազմի վարման տրամաբանության հիմնարար փոփոխության մասին, իսկ Զելենսկու հաստատած «40-օրյա ազդեցության գործողությունը» նպատակաուղղված է Ռուսաստանի տնտեսական ենթակառուցվածքները կաթվածահար անելուն և հոգեբանական ճնշումն ուժեղացնելուն, ինչը Ռուսաստանին ստիպում է հրաժարվել ավելի զուսպ հռետորաբանությունից։

Կարդացեք նաև

Նրա խոսքով, Ռուսաստանի արձագանքը, ըստ իրավիճակի, բնականաբար, փոխվում է, այդ արձագանքը ենթադրում է քաղաքական, ռազմական նոր որոշումներ, հռետորաբանական փոփոխություններ և արտաքին քաղաքականության ռեժիմի փոփոխություն։

«Կրեմլի ուղերձները, որոնք հասցեագրված են Ուկրաինային, Եվրոպային, նախազգուշացնում են ռազմական օգնության հետագա տրամադրման հետևանքների մասին:

Ռուսաստանի քաղաքական ներկայիս ռազմավարությունը պահպանելու վճռականությունը և Եվրոպային ուղղված անվտանգային սպառնալիքները ցույց են տալիս, որ Մոսկվան պատրաստ է ռազմական գործողությունները հասցնել նոր մակարդակի, թեև Ռուսաստանը ևս կորուստներ է կրում, ունենում է էներգետիկ դժվարություններ։

Ռուսաստանը հայտնվել է իր մարտահրավերների առջև։ Տնտեսական ենթակառուցվածքների խոցելիությունը՝ զուգորդված երկարատև պատերազմի հետ, Մոսկվային ստիպում է ռեսուրսների գերկենտրոնացում իրականացնել, սրացնել քաղաքականությունը Եվրոպայի հանդեպ։ Սա հանգեցնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության կենտրոնացմանը մեկ թեմայի վրա, որտեղ բազմակողմանի քաղաքականությունը զոհաբերվում է անվտանգությանը։

Շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունները մղվում են երրորդական կամ չորրորդական շարք, հատկապես, երբ Հայաստանի հետ հարաբերություններում լուրջ ճաքեր են առաջացել եվրոպական ինտեգրացիայի ցանկության պատճառով։ Այստեղ Ռուսաստանը տրամադրված է չհանդուրժել Արևմուտքի քաղաքականությունը՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից ԵԱՏՄ-ի հարցով հստակ որոշում։

Որքան սրվում է իրավիճակը ճակատում, այնքան սրվում են Ռուսաստանի մոտեցումները՝ ոչ միայն Ուկրաինայի, նաև՝ Ուկրաինայի եվրոպական աջակիցների հանդեպ։ Իսկ Եվրոպան ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ։ Ռուսաստանը ՀՀ-ից կողմնորոշում է պահանջում, քանի որ կա ընկալում, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում մնում է միայն ԵՄ ինտեգրացիայի ճանապարհին տնտեսական առավելությունները չկորցնելու համար։ Սա Ռուսաստանի համար անընդունելի է»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը։

Նշենք, որ այսօր ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ասել է, որ ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից։

«Ուստի մենք, անկեղծ ասած, այնքան էլ չենք հասկանում, թե ինչու հայկական ղեկավարությունը չի շտապում հարցնել երկրի բնակիչներին՝ նրանց վերաբերմունքը իրենց համար այս շատ կարևոր հարցի վերաբերյալ: Երևի, չեմ բացառում, որ այդ դանդաղկոտության համար կան որոշակի կոնյունկտուրային նկատառումներ, չէ՞»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930