Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 920-ի
Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն աճել է մինչև 920, ևս 3360 մարդ վիրավորվել է, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին։
Նրանց տվյալներով՝ առնվազն 172 մարդ դեռևս համարվում է փլատակների տակ արգելափակված, ուստի, ինչպես սպասվում է, զոհերի թիվը կշարունակի աճել։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են երկրի մի քանի շրջաններում, որոնցից ամենաշատը տուժածը շարունակում է մնալ Կարակասից հյուսիս գտնվող Լա Գուաիրա նահանգը։ Հենց այնտեղ են գրանցվել ամենախոշոր ավերածությունները։ Հարյուրավոր շենքեր, այդ թվում՝ հիվանդանոցներ, առևտրի կենտրոններ և բնակելի տներ, ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են։ Իշխանությունների տվյալներով՝ վնասվել է նաև ենթակառուցվածքի շուրջ հազար օբյեկտ։
Վենեսուելայի նախագահի պարտականությունները կատարող Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ երկու հզոր երկրաշարժերից հետո արդեն գրանցվել է 214 հետցնցում։ Նրա խոսքով՝ տասնյակ մարդկանց հաջողվել է փլատակների տակից դուրս բերել կենդանի։
Ազգային ասամբլեայի ղեկավար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ միայն Լա Գուաիրայում փրկարարները ազատել են առնվազն 243 մարդու։
Երկրի բժշկական համակարգը լուրջ ծանրաբեռնվածություն է կրում։ Տուժածներին ընդունում են ժամանակավոր հոսպիտալներում, քանի որ հիվանդանոցների մի մասը ավերվել է։ Վենեսուելացի բժիշկները նշում են, որ առողջապահական համակարգը դեռևս մինչև տարերային աղետը բախվում էր դեղորայքի և սարքավորումների պակասի, իսկ այժմ իրավիճակը զգալիորեն վատթարացել է։
Աղետի հետևանքների վերացմանը միացել է միջազգային հանրությունը։ Վենեսուելայի կառավարության տվյալներով՝ երկիր արդեն ժամանել են հարյուրավոր օտարերկրյա փրկարարներ, և սպասվում է նոր խմբերի ժամանում։ Մեծ Բրիտանիան ուղարկել է որոնողափրկարարական խմբեր, կինոլոգներ և անօդաչու սարքեր։ Օգնություն են ցուցաբերում նաև ԱՄՆ-ը, Նիդերլանդները, Մեքսիկան և Շվեյցարիան։ Վաշինգտոնը, բացի փրկարարական ստորաբաժանումներից և տրանսպորտային ավիացիայից, հայտարարել է 150 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հայտարարել է, որ աղետի մասշտաբները պահանջում են միջազգային արձագանք։ Կազմակերպությունում հավաստիացրել են, որ կհամակարգեն տուժածներին օգնության տրամադրումը։
Երկրաշարժերը տեղի են ունեցել չորեքշաբթի օրը՝ մի քանի վայրկյան տարբերությամբ։ Երկրորդ ցնցման մագնիտուդը կազմել է 7,5, ինչը Վենեսուելայում անցած հարյուրամյակում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժերից մեկն է։

