Բերանի տհաճ հոտը կարող է լուրջ հիվանդությունների նշան լինել
Բերանի տհաճ հոտը միշտ չէ, որ կապված է միայն բերանի խոռոչի հիգիենայի հետ։ Որոշ դեպքերում այն կարող է լինել տարբեր հիվանդությունների վաղ ախտանիշներից մեկը։ Այս մասին Царьград-ի հետ զրույցում հայտնել է թերապևտ Աննա Միխայլովան։
Մասնագետի խոսքով՝ տհաճ հոտի բնույթը երբեմն կարող է հուշել, թե օրգանիզմի որ համակարգում է խնդիրը։
Եթե բերանից գալիս է «փտած» հոտ, որը ուղեկցվում է կոկորդի ցավով, քթահոսությամբ, նշագեղձերի վրա թարախային խցաններով կամ կոկորդի հետին պատով հոսող խիտ լորձով, դա կարող է վկայել քրոնիկական տոնզիլիտի, սինուսիտի, հայմորիտի, երկարատև բրոնխիտի կամ ԼՕՌ համակարգի այլ վարակների մասին։
Քաղցր կամ ացետոնի նման հոտը կարող է կապված լինել ածխաջրային փոխանակության խանգարումների հետ և երբեմն հանդիսանալ ապակոմպենսացված շաքարային դիաբետի նշան։ Եթե այդ ֆոնի վրա առկա են ուժեղ ծարավ, հաճախամիզություն, քաշի կորուստ և արտահայտված թուլություն, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։
Բժշկի խոսքով՝ «փտած ձկան» հոտը կարող է վկայել երիկամների լուրջ խնդիրների, այդ թվում՝ ծանր երիկամային անբավարարության մասին։ Այս վիճակը հաճախ ուղեկցվում է այտուցներով, արյան ճնշման բարձրացմամբ, մեզի գույնի կամ քանակի փոփոխություններով և ընդհանուր թուլությամբ։
Իսկ «փտած ձվի», ծծմբաջրածնի կամ մետաղական հոտը հաճախ կապված է ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների հետ։
Միխայլովան առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն դեպքերի վրա, երբ բերանի հոտը հանկարծակի է փոխվում, դառնում է խիստ արտահայտված և ուղեկցվում է հազով, շնչառության դժվարացմամբ, անբացատրելի քաշի կորստով կամ գիշերային քրտնարտադրությամբ։
Մասնագետը խորհուրդ է տալիս պարտադիր դիմել բժշկի, եթե տհաճ հոտը պահպանվում է ավելի քան երկու շաբաթ՝ նույնիսկ բերանի խոռոչի մանրակրկիտ խնամքի պայմաններում։ Տագնապային նշաններ են նաև կոկորդի ցավը, բարձր ջերմությունը, այտուցները, ուժեղ թուլությունը, քաշի կտրուկ կորուստը, մաշկի գույնի փոփոխությունը, ինչպես նաև միզարձակման խանգարումները։
Բժշկի խոսքով՝ ամենամեծ վտանգը ոչ թե հենց հոտն է, այլ այն հիվանդությունը, որը կարող է թաքնված լինել դրա հետևում։ Այդ պատճառով խնդիրը մաստակով կամ բուրավետ միջոցներով քողարկելը լավագույն լուծումը չէ, եթե ախտանիշը երկար ժամանակ չի անցնում։

