Իմ կուսակցությունը Հայաստանն է. «Հյուսիսային տերևաթափի» գործով մեղադրյալների հարցաքննությունն ավարտվեց, տնային կալանքները կրկին երկարաձգվեցին
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Նախորդ դատական նիստում ցուցմունք տվեց մեղադրյալ Աշոտ Մարգարյանը:
Մեղադրյալ Աշոտ Մարգարյանի հարցաքննությունը չավարտվեց: Դատական նիստը հետաձգվեց և շարունակվեց այսօր:
«Այսօրվա Հայաստանում եթե դու ընդդիմադիր ես, դու հանցագործ ես. Աննա Վարդապետյանն էլ գիտի՝ այստեղ գործ չկա»,- ասաց մեղադրյալ Աշոտ Մարգարյանը:
Պատասխանելով հանրային մեղադրողի հարցերին՝ Աշոտ Մարգարյանն ասաց՝ որևէ կուսակցության անդամ չէ, նաև հաստատեց՝ բազմիցս Վազգեն Ոսկանյանի հետ Գորիսից Արցախ սնունդ ու դեղորայք են տարել:
«Իմ կուսակցությունը Հայաստանն է»,- ասաց Աշոտ Մարգարյանը: Նա նաև ասաց՝ «Հյուսիսային տերևաթափ» վերտառությամբ թղթիկն, այո՛, իր գրպանում է եղել, բայց ինքը չի գրել: Նաև ասաց, որ իր վերնազգեստն օրերով մնացել է Օպերայի հրապարակում, չի կարող ասել՝ որտեղից կարող էր թուղթը լինել իր գրպանում:
«Ես ասացի՝ վերնազգեստս ես եմ տվել քննիչին, որ իմանայի՝ գրպանը թուղթ կա, չէի հանի՞»,- ասաց Աշոտ Մարգարյանը:
Մեղադրյալների հարցաքննությունն ավարտվեց, ինչից հետո, քանի որ լրանում էր մեղադրյալների խափանման միջոցների ժամկետը, դատարանն անցավ դրանք երկարաձգելու՝ հանրային մեղադրողի միջնորդության քննությանը:
Աշոտ Մարգարյանը, Սերգեյ Մկրտչյանն ու Վազգեն Ոսկանյանը միջնորդեցին ազատազրկման հետ չկապված խափանման միջոց ընտրել, սակայն դատարանը որոշեց նրանց տնային կալանքների ժամկետները նույն պայմաններով երկարաձգել 3 ամսով:
Մանրամասները՝ տեսանյութում:



