Փաշինյանի և Ալիևի շանտաժն ու փոխշահավետ գործարքը՝ եթե Փաշինյանը չընտրվի, Ալիևը Բաքվի բանտերից հայերին չի թողնի

Մարտի 27-ին «Խաղաղությունն արժանապատվություն է» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերի  ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր քաղաքական ընդդիմախոսների պնդումներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն արժանապատիվ չէ, նշել է.

«Ինչո՞վ են հիմնավորում նրանք այդ թեզը, հիմնավորումներից մեկն այն է, որ Ադրբեջանը, նկատի ունենալով 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները, ներխուժում է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածք: Նախ՝ դա տեղի է ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի իրավիճակում: Նախորդող շրջանի բոլոր ներխուժումները երկու կողմերից տեղի են ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի պատճառով, պատերազմի պատճառով»:

Այսինքն, Հայաստանի ղեկավարը ոչ թե հղում է անում 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությանը, որի առաջին կետը հստակ սահմանում է, որ  նոյեմբերի 10-ից հետո «կողմերը  կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», և շեշտում, որ Ադրբեջանը չի կատարել եռակողմ հայտարարության կետերը, արդարացնում  է դրանից դուրս Բաքվի քայլերը: Եթե անգամ ընդունենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հրադադարի փաստաթուղթ էր, իսկ իրականում հենց այդպես էլ կար, ապա ինչո՞ւ պատերազմից հետո չենք փորձել անմիջապես վերականգնել բանակի կորուստները, ինչո՞ւ պետությունը չի ապրել չավարտված կոնֆլիկտի թելադրած պայմաններում:

Բացի այս, Փաշինյանն իր արդարացման տեքստում  չի նշում, որ խոսքը  ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է, իսկ Հայաստան-Ադրբեջան պատերազմ եղե՞լ է, Հայաստանն Ադրբեջանին պաշտոնապես պատերազմ հայտարարե՞լ է, կամ՝ հակառակը: ՀՀ ինքնիշխան տարածքները բանակցությունների առարկա եղե՞լ են, եթե չհաշվենք Մեղրիի հետ կապված ինչ-ինչ թեմաներ, բայց այն ղարաբաղյան կոնֆլիկտի համատեքստում էր,  մեր ասածն այլ բանի մասին է:

Կարդացեք նաև

Ըստ այդմ՝ կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանը լեգիտիմացնում է Բաքվի անօրինական ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, այն դեպքում, երբ 44-օրյայից հետո Հայաստանը ոչ մի ներխուժում չի իրականացրել Ադրբեջանի ինքնիշխան տարածք, իսկ այն, որ 1990-ականներին, դրանից հետո երկու կողմերն էլ դիրքային բարելավումներ են կատարել, չի կարող նույն համեմատության մեջ դրվել 2021-2023 թվականների ադրբեջանական ներխուժումների հետ: Սա՝ առաջին:

Երկրորդ, կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանն ընդունում է, որ  ՀՀ ինքնիշխան տարածք Բաքվի ներխուժումները Հայաստանի վրա ռազմական, ռազմաքաղաքական, քաղաքական ճնշման նպատակ են հետապնդել Արցախի հարցի համատեքստում նաև, հատկապես, երբ Փաշինյանն ինքը 2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների ֆոնին խոստովանել էր.

«Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից՝ հաշվի առնելով, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն:  Հիմա շատ մանրամասներ չեմ կարող ասել…»:

Մի խոստովանություն էլ Փաշինյանն արել էր 2021թ. մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների համատեքստում, որ բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել, որովհետև առջևում ԱԺ արտահերթ ընտրություններն էին: 2021թ. մայիսին ադրբեջանական ներխուժումների և 2022թ. սեպտեմբերյան մարտերի արանքում եղել են նաև 2021 թվականի նոյեմբերյան մարտերը: Եվ 2021-ի նոյեմբերի 16-ին ադրբեջանա-թուրքական տանդեմի համաձայնեցված ռազմական օպերացիան ևս Նախիջևանի, Զանգեզուրի և Լաչինի միջանցքի հետ կապված նկրտումների համատեքստում էր: Այդ օրերի մարտական գործողությունների արդյունքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղադրված քարտեզների, թշնամու զինուժը կարողացել էր դուրս գալ առանցքային և ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքներ՝ Արևելյան Սևանի լեռների կամ լեռնաշղթայի ուղղությամբ՝ դեպի Քարվաճառ, ինչպես նաև՝ Քիլիսալի լեռան շրջակայքում մարտերի հետևանքով գրավել են մի քանի հայկական դիրք: Ադրբեջանը նպատակ է ունեցել իր վիզուալ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, ինչը, թերևս, մասամբ հաջողվել էր: Արդյո՞ք այս ամենը ՀՀ գործող իշխանությունը չի հաշվարկել, ինչո՞ւ է Ադրբեջանին հաջողվել 44-օրյայից հետո 3 նման ռազմական օպերացիա իրականացնել ՀՀ ինքնիշխան տարածքում: Գործ ունենք գործարքի հե՞տ, թե՞ հանցավոր անտարբերության՝ կոնֆլիկտը չկարգավորված, ապրել ենք ավարտվածին հատուկ ռազմաքաղաքական պայմաններում:

Երրորդ, թեև փաստացի խաղաղություն է հաստատված՝ տարածքային և մարդկային կորուստների գնով, բայց եթե չկա վերջնական խաղաղության պայմանագիր, գումարած՝ կան չլուծված հարցեր Հայաստան-Ադրբեջան, կարո՞ղ ենք ասել, որ Բաքուն կարող է ռազմական լոկալ քայլերի գնալ, որը Փաշինյանը կարդարացնի:

Իսկ Փաշինյանը վերևում հիշատակված ֆեյսբուքյան ուղիղ եթերում նաև նշել է, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը Բաքվում է հայտնվել դարձյալ կոնֆլիկտի պատճառով, երբ Արցախը հայաթափված էր, և Բաքուն կարող էր չառևանգել մարդկանց: Բաքուն նրանց շինծու հոդվածներով դատավարությունը և դատավճիռները համարում է «նյուրնբերգյան», երբ արդեն Փաշինյանը պնդում էր՝ խաղաղությունը հաստատված է: Իսկ Փաշինյանը, ըստ էության, արդարացնելով Ալիևի «Նյուրնբերգը», հեռուն է գնացել և սկսել է «խաղարկել» նրանց վերադարձի հարցը:

«Կոնֆլիկտի շարունակությունն անգամներով նվազեցնում է, եթե չասենք՝ անհնար է դարձնում նրանց ազատ արձակվելը, իսկ խաղաղությունն անգամներով ավելացնում է, եթե չասենք՝ երաշխավորում է նրանց ազատ արձակումը»,- շեշտել է նա:

Այո, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ազատ արձակումն ու վերադարձը քաղաքական հարց է, և Փաշինյանը, փաստորեն, ասում է՝ եթե ինքը չհաղթի առաջիկա ընտրություններում, նրանց վերադարձի հույս առհասարակ չպետք է ունենալ: Իսկ վերադարձը, անշուշտ, գին ունի: Այսինքն, այն, որ ՔՊ-ականներն ասում են, թե աշխատում են նրանց վերադարձի ուղղությամբ, իրականում ճշմարտությունը սա է, ինչի մասին Փաշինյանն ասել է մարտի 27-ի լայվում. և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը փորձում են Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության վերադարձի հարցը փոխշահավետ գործարքի վերածել:

Իսկ մարտի 30-ին Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ   հայտարարել է, թե նախքան իր հաստատած խաղաղությունն ունեցել ենք ընդամենը պատերազմի հետաձգում՝ զոհերի, վիրավորների, տնտեսական զարգացում չունենալու և անկախության  կորստի  գնով:

Այո, պատերազմը, լավ թե վատ, հնարավոր է եղել հետաձգել, իսկ ինքը ինչո՞ւ չկարողացավ նույնն անել, ինչո՞ւ չկարողացավ 44-օրյա պատերազմին մի քանի հազար զոհերի և տարածքային կորուստների գնով կանխել ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան: Ավելին, Փաշինյանն ասում է՝ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո պարզ դարձավ, որ «այդ վճարամիջոցը սպառվել է»:

Իսկ ինչո՞ւ «դրա տակ մտավ», թե՚՞ իշխանության գալուց հետո է դա պարզել,  և ե՞րբ՝ 2020 թվականի պատերազմից առա՞ջ, թե՞ հետո: Իհարկե, առաջ, ինչը Փաշինյանը միայն պատերազմից հետո է  հրապարակավ խոստովանել, այդպես էր պետք:

Ի դեպ, Փաշինյանը, այսօր համարելով, որ 2016 թվականից հետո այլ տրամաբանություն էր գործում՝ բանակցային տրամաբանությունից դուրս, 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում իր և Ալիևի հետ մի քանի ժամանոց հանդիպումից հետո հայտարարել էր,  թե  պետք է բանակցային լեզվում կողմերն  աշխատեն միմյանց չվնասել, չփնտրել հաղթողներ և պարտվողներ, քանի որ հակամարտությունն ունի խոր արմատներ, պարզ իրավիճակ չէ:

Իսկ դրանից օրեր հետո հայաստանյան լրագրողների հետ զրույցում նույն Փաշինյանը պնդել էր, որ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևը որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարևորությունը, թեև սա առաջացրել էր Բաքվի զայրույթը: Այսինքն, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի՝ ռազմական տրամաբանության մեջ արած հայտարարությունը Փաշինյանը տեղափոխել էր քաղաքական հարթություն, և ոչ մի վտանգ չէր տեսել չկարգավորված կոնֆլիկտի պայմաններում: Բայց այսօր ամեն մի բառից պատերազմի վտանգ է տեսնում, երբ, ինչպես ինքն է ասում՝ ունենք հաստատված խաղաղություն, այլևս չկա 2016 թվականից հետոյի իրավիճակը: Պարադոքս չէ՞…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031