ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմում ռազմավարական փակուղո՞ւմ է. Թրամփը շարունակում է սպառնալ ու հրավիրել «բանակցությունների»
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես դադարեցրել է հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ հայտարարելով, թե Իրանի հետ բանակցությունները դրական հունով են ընթանում, կրկին սկսել է սպառնալ Իրանի Իսլամական Հանրապետությանը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե Իրանն անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ը կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները, նավթահանքերը և Խարգ կղզին: Ի դեպ, իր մեկ այլ անդրադարձում Թրամփն ասել է, որ Իրանը, հավանաբար, չի կարողանա պաշտպանել այդ կղզին։
«Եթե որևէ պատճառով համաձայնություն շուտով ձեռք չբերվի, և եթե Հորմուզի նեղուցն անհապաղ բաց չլինի բիզնեսի համար, մենք կավարտենք մեր հիասքանչ այցն Իրանում՝ պայթեցնելով և ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին, որոնց մենք միտումնավոր դեռ չենք դիպչել»,- նշել է Թրամփը:
Նա նաև չի բացառել Իրանի ջրի զտման կայաններին հարվածները։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը լուրջ բանակցություններ է վարում, Թրամփի խոսքով՝ Իրանի «նոր, ավելի ողջամիտ» կառավարության հետ և հասկանում է, որ խաղաղության համաձայնագիրն անխուսափելի է։ Սպիտակ տան ղեկավարը Financial Times-ին տված հարցազրույցում և դրանից հետո Air Force One-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է նաև, որ կցանկանար «վերցնել Իրանի նավթը», բայց միաժամանակ վստահեցրել է, թե Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները «չափազանց լավ» են ընթանում, և ինքը «գրեթե վստահ է», որ կկնքվի խաղաղության համաձայնություն։
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ Իրանի հետ շփումներն ընթանում են՝ ինչպես ուղիղ, այնպես էլ՝ անուղղակի ձևաչափով, և պնդել է, թե Թեհրանը մասամբ բացում է Հորմուզի նեղուցը։ Սակայն նա չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի՝ ուղիղ բանակցություններ ասելով։
«Մենք այդ բանակցություններում չափազանց լավ ենք առաջ գնում։ Բայց Իրանի դեպքում երբեք չգիտես՝ մենք բանակցում ենք նրանց հետ, հետո միշտ ստիպված ենք լինում ռմբակոծել»,- ասել է Թրամփը՝ հիշատակելով թե՛ B-52 ռմբակոծիչները, թե՛ 2015 թվականի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը։ Նրա խոսքով՝ գործարք կլինի, բայց չի բացառել նաև հակառակ սցենարը։ Թրամփը նաև հայտարարել է, թե Իրանի վարչակարգն արդեն «ջախջախված» է:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղերին էլ հայտարարել է, թե Իրանը միջնորդներից հաղորդագրություններ է ստացել, որոնք վկայում են Միացյալ Նահանգների՝ բանակցելու պատրաստակամության մասին, սակայն ԱՄՆ առաջարկներն «անիրատեսական, անտրամաբանական և չափազանցված» են։ «Մեր դիրքորոշումը հստակ է։ Մենք ռազմական ագրեսիայի տակ ենք։ Հետևաբար՝ մեր բոլոր ջանքերն ու ուժերը կենտրոնացած են ինքնապաշտպանության վրա»,- ասել է Բաղերին։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ վերջին շրջանում ԱՄՆ արտաքին քաղաքական հռետորաբանությունը՝ սպառնալիքն ու բանակցությունների կոչը, ոչ թե լրացնում, այլ հակասում են միմյանց։ Նրա խոսքով, հայտարարությունները, ըստ որոնց՝ Վաշինգտոնը պատրաստ է հարվածներ հասցնել Իրանին, եթե վերջինս չապահովի Հորմուզի նեղուցի բացումը, միաժամանակ ուղեկցվում են բանակցելու պատրաստակամության ազդակներով, սակայն այս «երկակի ուղերձը» ստեղծում է ռազմավարական փակուղի, քան ճնշման արդյունավետ մեխանիզմ։
«Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ համակարգի առանցքային կետերից է, որտեղով անցնում է նավթի մատակարարումների զգալի մասը, ուստի այն Իրանի համար ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային լծակ է, որն Իրանը լավ օգտագործում է այս պատերազմի ընթացքում: Այդ պատճառով սպառնալիքների ներքո ցանկացած պահանջ Թեհրանում ընկալվում է ոչ թե՝ որպես բանակցային առաջարկ, այլ՝ որպես հարկադրանք։ Իրանի քաղաքական այդ համակարգում նման պահանջների ընդունումը կնշանակի ներքին լեգիտիմության կորուստ:
Բացի այդ, ինչպես երևում է, Վաշինգտոնի առաջարկած կետերն Իրանի համար դիտվում են՝ որպես կապիտուլյացիա՝ միջուկային ծրագրի կտրուկ սահմանափակումներ, տարածաշրջանային ազդեցության նվազեցում և ռազմական կարողությունների վերահսկում։ Այս պահանջները դուրս են դասական փոխզիջման տրամաբանությունից և ավելի մոտ են պարտադրանքի։ Արդյունքում՝ բանակցությունները սկսվելուց առաջ հայտնվում են փակուղում, քանի որ կողմերից մեկը պահանջում է առավելագույն զիջում, իսկ մյուսը չի կարող այն ընդունել»,- ասաց վերլուծաբանը: Նա գտնում է, որ այս հակասական մոտեցումը մի քանի հետևանք ունի ԱՄՆ-ի համար։
Վերլուծաբանի խոսքով, այս քաղաքականությունը վստահության դեֆիցիտ է առաջացնում:
«Երբ միևնույն ժամանակ հնչում են թե՛ հարվածների սպառնալիքներ, թե՛ բանակցությունների կոչեր, դրանք ընկալվում են՝ որպես անհամապատասխանություն ռազմավարության մեջ։ Իրանի համար սա նշանակում է, որ նույնիսկ բանակցությունների դեպքում երաշխիքներ չկան, որ դրանք չեն ընդհատվի հարվածներով: Բացի այդ, եթե սպառնալիքները չեն իրականանում, իսկ ԱՄՆ-ը անընդհատ սպառնում է, և ԱՄՆ-ը կորցնում է իր դերակատարությունը։ Հորմուզի նեղուցը կարող է դառնալ ոչ թե բաց հաղորդուղի, այլ բախման գոտի՝ գլոբալ տնտեսական հետևանքներով։ ԱՄՆ-ի համար հետևանք է նաև միջազգային դիրքերի բարդացումը։ Եվրոպական և ասիական գործընկերները, որոնք կախված են նեղուցով անցնող էներգակիրներից, հակված են աջակցել կայունությանը, ոչ թե ուժային ճնշմանը։ Այսպիսով, ԱՄՆ-ի կոշտ հռետորաբանությունը կարող է չստանալ լիարժեք միջազգային աջակցություն՝ սահմանափակելով Վաշինգտոնի մանևրելու հնարավորությունները։
Այս իրավիճակում ձևավորվում է դասական դիվանագիտական փակուղի։ ԱՄՆ-ը չի կարող լիովին նահանջել իր կոշտ պահանջներից՝ չկորցնելով հեղինակությունը, բայց նաև չի կարող ստիպել Իրանին ընդունել դրանք՝ առանց լայնածավալ էսկալացիայի։ Իրանն իր հերթին՝ չի կարող ընդունել պայմաններ, որոնք ընկալվում են՝ որպես ինքնիշխանության սահմանափակում, բայց նաև շահագրգռված չէ բաց ռազմական բախմամբ»,- նշեց Խրամչիխինը՝ շարունակելով, որ ստեղծվում է բարդ իրավիճակ, որտեղ ուժի սպառնալիքն ու բանակցությունների առաջարկը ոչ թե լրացնում, այլ փոխադարձաբար չեղարկում են միմյանց։
Սա, փորձագետի համոզմամբ, ոչ միայն դժվարացնում է կոնկրետ համաձայնության ձեռքբերումը, այլև խորացնում է վստահության ճգնաժամը։
«Սա նման է ռազմավարական փակուղու՝ առանց հստակ ելքի։ Ակնհայտ է նաև այն հանգամանքը, որ Թրամփի ադմինիստրացիան ստեղծված իրավիճակից ելքի հնարավորություն է փնտրում, սակայն այդ հնարավոր ելքը պատերազմի երկարաձգման ֆոնին ավելի ու ավելի մշուշոտ է թվում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա վերլուծաբանը գտնում է, որ քանի դեռ Իրանն արդյունավետ դիմակայում է, զսպում հակառակորդներին, ապա Հարավային Կովկասում զարգացումներ չեն սպասվում:
«Ընդհանուր առմամբ հասկանալի է, որ այս հակամարտության հետևանքով ուժային հավասարակշռություն է փոխվելու, որն անդրադառնալու է Հարավային Կովկասի վրա»,- ասաց նա:



