Վարչական և իրավական խոչընդոտների պատճառով Էջմիածնում «Թումո» կենտրոն չի բացվում. Մայր աթոռ
Վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով Էջմիածնում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն չի բացվում։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։ Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով: Վերջերս էլ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ եկեղեցուն այլևս հողատարածք չեն տրամադրում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ԱԺ–ն մարտի 25-ին ընդունեց «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որի համաձայն` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չի տրամադրվի։ Օրենքի փոփոխությունից հետո հողերը ՀԱԵ–ին կտրամադրվի միայն օգտագործման իրավունքով։
Նշենք, որ «Թումո» ցանցը ներկայացված է Տոկիոյում, Փարիզում, Բեռլինում, Լոս Անջելեսում, Բեյրութում և աշխարհի այլ քաղաքներում: Բացի խոշոր կենտրոններից, գործում են նաև «Թումո» փոքր լաբորատորիաներ ՀՀ մարզերում և գյուղական բնակավայրերում:



