Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը
Վրաստանից ՀՀ եկող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի։ Համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Ըստ փաստաթղթերի՝ խողովակաշարի տեղակայման փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 90-ականներին:
«Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ` եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հանել ականապատ գոտուց և անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար», – ասված է հիմնավորման մեջ:
Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիանա հայկական կողմի կառուցած նոր հատվածին։
Վրաստանից եկող գազատարը Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։



