Փաշինյանն, ըստ էության, կանխորոշել է իր պարտությունն՝ անկախ քվեների քանակից. Սոնա Տռուզյան
«Փաստինֆո» կայքի խմբագիր Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանն առաջիկա ընտրություններում իր հնարավոր քվեների լեգիտիմությունն արդեն իսկ կասկածի տակ է դնում։ Նրա շանտաժային հռետորաբանությունը վկայում է, որ ինքն էլ գիտակցում է՝ չունի այնպիսի «արժանիքներ», որոնց համար քաղաքացիները կարող են ազատ կամքով ընտրել իրեն։
Փոխարենը գործի է դրվում հարկադրանքի տարրը՝ այս դեպքում՝ սպառնալիքի տեսքով։ Ընտրողին չի ասում ընտրի ինձ, որովհետեւ իմ ծրագրերը լավն են, այլ ասում է՝ «ընտրի ինձ, հակառակ դեպքում պատերազմ կլինի», դա այլևս ազատ ընտրություն չէ, այլ ճնշում։
Սպառնալիքի կամ հարկադրանքի այլ դրսեւորումների պայմաններում կնքված անգամ գործարքն առոչինչ է, անվավեր։ Նույն սկզբունքը, ըստ էության, կիրառելի է նաև ընտրական գործընթացների ընկալման մեջ՝ քաղաքական առումով․ նման պայմաններում ընտրությունը չի կարող լիարժեք արտացոլել քաղաքացիների ազատ կամքը։
Փաշինյանն, ըստ էության, կանխորոշել է իր պարտությունն՝ անկախ քվեների քանակից։ Նա արդեն իսկ ընտրել է պարտությունը. «Կամ ինձ կընտրեք, կամ կլինի պատերազմ» կոնցեպտի պայմաններում որեւէ քվե չի կարող լինել վավեր ու լեգիտիմ»։



