«Մի ուրվական կա 3-րդ մասում, Փաշինյանի ուրվականը…». շաբաթ օրը բարի չէր նաև հայրենի Շենգավիթում
Շաբաթ օրը Երևան քաղաքում «դուխով» Նիկոլ Փաշինյանի շրջայցը կատաստրոֆիկ էր ոչ միայն երևանյան մետրոյում արցախցի մեր հայրենակցուհու վրա հիստերիկ բղավոցներով ու առհասարակ տեղի ունեցած ֆիասկոյով, մետրոյի կայարանում էսկալատորով իջնելիս զուգահեռ բարձրացող մարդկանց տոտալ արհամարհանքին արժանանալով՝ ի պատասխան իր սրտիկների, պաչիկների ու ողջույնների, ոչ միայն իր կողքին նստած երիտասարդի ու քիչ անց կանգնած լրագրողի՝ իրեն ու իր օրակարգի մերժմամբ, այլև հարազատ Շենգավիթ համայնքում՝ իր նախկին բնակավայր 3-րդ մասում մի շարք էքսցեսներով:
Վերևից ցույց տրված միջնամատ ներքևում նստած Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին, միջադեպ Ալեն Սիմոնյանի, ՔՊ-ական պատգամավորների ու 3-րդմասցիների մասնակցությամբ ու բակից որպես արդյունք՝ նրանց արտաքսման կոչ՝ «ռադ եղեք, դավայ ստեղից, ոչնչություններ» ձևակերպմամբ, ծաղրական կանչ՝ «ստեղ լավ ժենգյալով հաց կա, ասեք, թող գա, փորձի» Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամի կողմից, որով ակնհայտորեն ծաղրվում էր ուտելու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կիրքը… Օրը միջադեպերով հարուստ էր:
Այլ միջադեպեր էլ են եղել, ոչ հրապարակային, որոնց դեռ կանդրադառնանք, որովհետև դրանցով զարգացումներ են ակնկալվում, սակայն մի շատ խոսուն փաստ էլ է արձանագրվել այդ օրը:
168.am-ի տեղեկություններով՝ Շենգավիթում այդ օրը փակվել են ավտոլվացման կետեր, փոքր խանութներ, բանջարեղենի կրպակներ, հացատներ… Սեփականատերերը պարզապես փակել են դռներն ու գնացել, մինչև Նիկոլ Փաշինյանը շրջի ու գնա Շենգավիթից, որ հանգիստ անցնեն իրենց առօրյային:
Մեր հարցին՝ ինչո՞ւ, նրանցից մեկը պատասխանեց՝ «Շառ ա, այ ցավդ տանեմ, ուր մտնում է՝ թեմա է, բա ես հավես ունե՞մ»:
Հայտնի հայկական մուլտֆիլմ կա՝ «Հայելին». մարդիկ տեղայնացրել են դրա իրողությունները:
Նիկոլ Փաշինյանը սա չի կարող չիմանալ, չի կարող չտեսնել, չի կարող զգալ այն ատելությունը, որը գեներացրել է իր ու իր թիմի նկատմամբ իր իսկ սերմանած ատելությամբ, չի կարող չհասկանալ, որ մարդիկ այլևս չեն վախենում և հրապարակային են տալիս իր գործած աղետների պատասխանը: Սրա պատասխանն ակնհայտորեն չի ուշանա. Իր կուրատորները դրա պատասխանն ու արձագանքն էլ կունենան, բայց այն, որ Նիկոլ Փաշինյանն առնվազն Երևանում փողոց դուրս գալու տղա ու երբեմնի սիրելի ժողվարչապետը չէ, անբեկանելի փաստ է ու իրողություն:



