Ռիսկերը առարկայանում են, գնաճի նոր ալիք է սպասվում, իսկ իշխանություններն «ուրախ ավտոբուսներում» անհոգ զվարճանում են
Մինչ իշխանական էլիտան «ուրախ ավտոբուսներում» անհոգ զվարճանում է, խրախճանքների մեջ է, տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակից բխող ռիսկերն ու ազդեցությունները Հայաստանի վրա գնալով առարկայանում են։
Դրանք աստիճանաբար արտահայտվում են՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ սպառողական շուկաներում։ Ակտիվացել են գնաճային ճնշումները, չնայած Կենտրոնական բանկն առայժմ չի շտապում վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ոչ թե այն պատճառով, որ այս պահին վերանայման անհրաժեշտություն չկա, այլ որովհետև անորոշություններն այնքան շատ են, որ գերադասում են առայժմ չեզոքություն պահպանել։
Խորհրդի վերջին նիստում ԿԲ-ն կրկին անփոփոխ թողեց հիմնական տոկոսադրույքը։
Վերջին անգամ այն վերանայվել ու փոքր-ինչ նվազեցվել էր անցած տարվա դեկտեմբերին։ Սակայն դրանից հետո սպառողական շուկայում տեղի են ունեցել երևույթներ, որոնք ակտիվացրել են գնաճը։ Գնաճի ռիսկերն ահագնացել են հատկապես տարածաշրջանում հակամարտության սրման հետևանքով, ինչը լուրջ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի համար։
Կենտրոնական բանկի գնահատումներով, այդ ռիսկերն առարկայանալու պարագայում գնաճի վրա լրացուցիչ ազդեցությունը կարող է լինել 1.2-1.7 տոկոսային կետի չափով։ Այն փոխանցվելու է էներգակիրների թանկացումների, լոգիստիկ խնդիրների ու այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում առաջացող գների աճի, ինչպես նաև Իրանից ներմուծվող պարենային ապրանքների փոխարինման միջոցով։
Իրականանալու պարագայում, ինչն արդեն նկատվում է, ներքին շուկայում այս ամենն էապես կխթանի գնաճը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ առանց դրա էլ տարեսկզբին Հայաստանը մտել էր գնաճի ակտիվացման միջավայր։
Փետրվարին 12-ամսյա գնաճը կազմեց 4.3 տոկոս. 2 ամիս առաջ 3.3 տոկոս էր։
Գնաճն ակտիվացել է հատկապես պարենային ապրանքների շուկաներում՝ փետրվարին հասնելով 6.5 տոկոսի։ Ու սա այն պարագայում, երբ դեռևս չէին մեկնարկել տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսները։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, երբ առկա իրավիճակին ավելանան տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսներից թելադրված այն բոլոր ազդեցությունները, որոնք ի հայտ են եկել։
Որոշ դեպքերում այդ ազդեցություններն արդեն նկատվում են՝ ինչպես պարենային, այնպես էլ՝ ոչ պարենային ապրանքների դեպքում, բայց դրանց մասին հնարավոր կլինի մանրամասն խոսել ավելի ուշ, երբ հրապարակվեն սպառողական շուկաներում մարտին տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ վիճակագրական կոմիտեի դիտարկումների արդյունքները։
Մինչ այդ, գնաճը գնում է ակտիվացման ուղղությամբ։ Իսկ թե դա ինչ է նշանակում Հայաստանի հարյուր-հազարավոր քաղաքացիների համար, որոնց եկամուտները ցածր են անգամ պարենային նվազագույն զամբուղի արժեքից, դժվար չէ հասկանալ։ Այն, որ ապրիլի 1-ից թոշակները 10 հազար դրամով ավելանալու են, դա ոչինչ կամ գրեթե ոչինչ չի փոխելու թոշակառուների կյանքում։
Բայց խնդիրը միայն գնաճը չէ. Հայաստանի ամբողջ տնտեսությունն է կանգնած ռիսկերի առաջ։
Կենտրոնական բանկի գնահատումներով, տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտությունը մի կողմից՝ իր մեջ ունի գնաճի ավելացման ներուժային պոտենցիալ, մյուս կողմից՝ ավելացնում է տնտեսության դանդաղեցման ռիսկերը, ինչը Հայաստանի համար բավականին անցանկալի երևույթ կարող է լինել։
«Եթե համաշխարհային տնտեսության մեջ նկատվի տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն կազդի Հայաստանի ներսում տնտեսական աճի և զարգացումների վրա»,- սա ԿԲ նախագահի գնահատականն է։
Արտաքին պահանջարկի նվազումն, անկասկած, կթուլացնի տնտեսության արտահանման պոտենցիալը, որը հայտնի է, թե առանց դրա էլ՝ ինչ վիճակում է գտնվում։ Դա կարտահայտվի հատկապես տարածաշրջանի մի շարք երկրներ հայկական որոշ ապրանքների արտահանման հնարավորությունների սահմանափակմամբ՝ պայմանավորված նաև լոգիստիկ խնդիրներով։ Բայց դա չի լինելու միայն հայկական ապրանքների արտահանումների դեպքում։ Կսահմանափակվեն վերաարտահանումները, որոնք ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում վերջին տարիներին դարձել են փրկօղակ Հայաստանի տնտեսական ու արտահանման աճերի համար։
Խոսքը, մասնավորապես, ԱՄԷ իրականացվող վերաարտահանումների մասին է։ Վերջին մի քանի տարիներին ապրանքների մեծ խմբաքանակ էր բերվում Հայաստան ու Հայաստանի միջոցով արտահանվում այդ երկիր՝ տպավորություն թողնելով, թե մեր տնտեսությունը բուռն զարգացումների ու աճերի մեջ է։ Այդ ապրանքներից մեկն էլ ռուսական ոսկին է, որը հայտնի է, թե ինչ էական դեր է ունեցել Հայաստանի տնտեսության ու արտահանումների աճերի վրա։ Միայն ռուսական ոսկու վերաարտահանումների սահմանափակումը բավական է, որպեսզի տնտեսության ու հատկապես արդյունաբերության «տպավորիչ» աճերն անհետանան։
Մեծացել են զբոսաշրջության ոլորտից եկող ռիսկերը։ Դժվար է ակնկալել ակտիվ զբոսաշրջային հոսքեր, երբ տարածաշրջանն այրվում է կրակների մեջ։
Չպետք է մոռանալ, որ Հայաստանի հիմնական զբոսաշրջային ուղղություններից մեկն էլ Իրանն է։ Վերջին իրադարձություններից առաջ, հոսքերի գրեթե 10 տոկոսը գալիս էր այդ երկրից։ Ակտիվ էր հատկապես այս շրջանը։
Եթե հարկադիր միգրացիա տեղի չունենա, հազիվ թե կարելի է ակնկալել, որ առաջիկայում Իրանից տուրիստական այցեր կլինեն Հայաստան։ Նույնիսկ հակամարտության ավարտից հետո՝ դժվար է այս ուղղությամբ լուրջ հույսեր փայփայել։
Շատ շուտով զբոսաշրջային հոսքերի վրա կտեսնենք հակամարտության ուղղակի հետևանքները։ Չնայած մինչ այդ էլ հետաքրքրությունների որոշակի պասիվացում նկատվում էր։ Փետրվարին, թեպետ նախորդ տարվա անկումից հետո որոշակի աճ արձանագրվեց, այնուհանդերձ դադարեց «պատմական ռեկորդը». Զբոսաշրջային հոսքերը զգալիորեն՝ գրեթե 6 հազարով պակաս էին, քան 2024թ.։
Հոսքերի կրճատման պոտենցիալ ռիսկերն այժմ շատ ավելի մեծ են։
Հայաստանի տնտեսության վրա ազդեցություններ կլինեն նաև էներգակիրների թանկացումների հետևանքով, եթե արդեն չկան։ Կարճատև էժանացումից հետո, վերջին օրերին էներգակիրները կրկին թանկացել են, այն էլ՝ բավական կտրուկ։
Այս ամենից բացի, առավել քան անհանգստացնող է նաև պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը։ Տնտեսական իրավիճակի վատթարացումն ուղղակիորեն ազդելու է բյուջեի եկամուտների վրա։ Ու դա՝ այն պարագայում, երբ Հայաստանի այսօրվա կառավարիչները, սեփական քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, մի շարք արկածախնդիր որոշումներ են կայացրել՝ վտանգի տակ դնելով երկրի ֆիսկալ կայունությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



