Հունգարիան օրինականորեն է արգելափակել ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկն Ուկրաինայի համար. Օրբան
Հունգարիան իրավաբանական տեսակետից լիակատար իրավունք ունի արգելափակելու ԵՄ-ի կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրո «պատերազմական վարկի» տրամադրումը, որովհետև այդ հարցը մինչև վերջ որոշված չէ, իսկ Կիևը միևնույն ժամանակ դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով: Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում:
Նա հիշեցրել է, որ երբ 2025 թ. դեկտեմբերին ԵՄ խորհուրդը որոշեց այդ գումարը հատկացնել ուկրաինացիներին, երեք երկիր՝ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան, հրաժարվեցին մասնակցել այդ նախաձեռնությանը, բայց չխանգարեցին դա անել մյուսներին:
«Սակայն այդ ժամանակվանից ի վեր իրավիճակը փոխվել է, քանի որ ուկրաինացիները նավթային շրջափակում են սահմանել Հունգարիայի նկատմամբ», – նշել է կառավարության ղեկավարը:
«Միևնույն ժամանակ, վարկի տրամադրման որոշում կայացնելու գործընթացը դեռևս մինչև վերջ ավարտված չէ, և իրավաբանական տեսանկյունից իրավիճակը միանգամայն պարզ է. մենք ունենք դրա իրավունքը», – հավելել է Օրբանը։
Բրյուսելը ցանկանում է այդ միջոցներն Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամ պետությունների կողմից տրամադրվող ընդհանուր վարկի հաշվին, որի տոկոսները պետք է վճարվեն ԵՄ ընդհանուր բյուջեից, իսկ դրա համար անհրաժեշտ է ևս մեկ առանձին փաստաթղթի միաձայն հաստատում։ Հունգարիան և Սլովակիան հրաժարվում են դա անել՝ պահանջելով, որ Ուկրաինան վերացնի նավթային շրջափակումը։
Հունգարիան բազմիցս հայտարարել է, որ չի հաստատի 90 միլիարդ վարկի տրամադրումը Կիևին, ինչպես նաև կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը, քանի դեռ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները չեն վերսկսվել։ Ուկրաինան հայտնել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների հետևանքով։



