Իրականում Հայաստանի վերաբերյալ, թե ներքին և, թե արտաքին քաղաքական օրակարգում կա մեկ հարց՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության փակում. Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Նախընտրական Հայաստանի օրակարգում կա ամեն բան՝ քաղաքականության ծայրաստիճան պրիմիտիվացում, կենցաղայինացում, պոպուլիզմի բարձր մակարդակ, քաղաքականության օրենքների անտեսում և քանի մոտենանք ընտրություններին՝ դրանք ավելի խորանալու են:
Իրականում Հայաստանի վերաբերյալ, թե ներքին և, թե արտաքին քաղաքական օրակարգում կա մեկ հարց՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության փակում։
Սա այլևս ոչ թե ենթադրություն է, այլ ընթացիկ գործընթաց՝ ձևավորված հստակ քաղաքական տրամաբանությամբ: Դա ներսում՝ պետության ինստիտուցիոնալ ապամոնտաժումն է, դրսում՝ համակարգված և շարունակական պարտադրանքը։ Այս երկու գործոնների համադրությունն է, որ ձևավորում է այն իրականությունը, որտեղ պետության սահմանադրական հիմքը դառնում է վերաձևակերպման թիրախ։
Եվ այստեղ անհրաժեշտ է ֆիքսել առանց որևէ երկիմաստության մեկ հանգամանք:
Երրորդ Հանրապետության փակումը չի իրականացվելու ընտրություններով։
Այն իրականացվելու է հանրաքվեով։
Ընտրությունները այս գործընթացում ունեն ընդամենը միջանկյալ դեր։ Դրանք չեն տալիս հանգուցալուծում, չեն վերացնում արտաքին ճնշումը և չեն լուծում համակարգային հակասությունները։ Դրանք ընդամենը որոշում են, թե ով է լինելու այն սուբյեկտը, որը կանգնելու է հաջորդ փուլի՝ կամ հանրաքվեի ճնշման տակ կամ դրա բացառման տակ:
Իսկ այդ ճնշումը օբյեկտիվորեն ձևավորված է և կախված չէ ներքաղաքական կոնֆիգուրացիաներից։ Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը դարձել է ֆիքսված քաղաքական գիծ։ Այն չի փոխվելու իշխանության փոփոխությամբ, չի մեղմվելու ընտրությունների արդյունքով և չի վերանալու բանակցային հռետորաբանությամբ։ Ընդհակառակը՝ ընտրություններից հետո այն դրվելու է առավել կոշտ, առավել ուղիղ և առավել համակարգված ձևով։
Սա նշանակում է, որ ընտրություններից հետո Հայաստանը մտնելու է նոր՝ առավել բարդ փուլ՝
1. ներսում՝ ցածր լեգիտիմությամբ, թուլացած ինստիտուտներով և ճգնաժամով համակարգ,
2. դրսում՝ աճող և չնահանջող պահանջներ։
Այս կոմբինացիան ձևավորում է դասական ինստիտուցիոնալ թակարդ, որտեղ հանրաքվեն դառնում է ոչ թե ժողովրդավարական գործիք, այլ պետականության վերաձևակերպման կամ փակման մեխանիզմ։ Այս ֆոնին առանձնահատուկ զարմանալի է այն քաղաքական նաիվությունը, որով շարունակվում են կոչերն ու հորդորները իշխանությանը պահպանել սահմանադրականությունը, օրենքը և ժողովրդավարական արժեքները և մրցակցային ընտրություններ կազմակերպելու կոչերը։
Իշխանությունը, որը կառուցել է իր վերարտադրության մեխանիզմը ոչ թե ներքին լեգիտիմության հաշվին, այլ հիմնականում արտաքին լեգիտիմության և ներքին վարչա-ուժային ռեսուրսի վրա, օբյեկտիվորեն չի կարող գործել այդ սահմանափակումների շրջանակում։
Ոչ թե չի ցանկանում։
Չի կարող։
Դրանց պահպանման դեպքում կկորցնի իր հիմնական ռեսուրսը՝ իշխանության վերահսկելի պահպանումը և նրանից պահանջել ինքնակամ քանդել իր գոյության հիմքը և քաղաքականապես ակնկալել, որ դա տեղի կունենա՝ նշանակում է չհասկանալ համակարգի իրական բնույթը։
Բայց այս ամբողջ պատկերի մեջ առավել վտանգավոր թյուրըմբռնումը կապված է ընդդիմության վարքագծի հետ։ Այսօր ընդդիմադիր ուժերը շարունակում են միմյանց հետ մրցակցել ընտրական տրամաբանության մեջ՝ կարծես թե խոսքը հերթական հնարավոր իշխանափոխության մասին է։
Մինչդեռ իրականում հարցը շատ ավելի խորն է։
Խոսքը ոչ թե իշխանության, այլ պետականության մասին է։
Եվ այստեղ առաջանում է առանցքային հարցը՝ ո՞ր ուժերն են իրենց համարում և դիրքավորում իրենց, որպես Հայաստանի Երրորդ Հանրապետության պահապաններ։
Եթե մեծ հաշվով էդպիսիք չկան ապա իրավիճակը պարզ է՝ գործընթացը կշարունակվի առանց համակարգված դիմադրության, որովհետև փաստացի իշխանության և ընդդիմության առաջարկը նույնն է ձևերն են տարբեր, բայց խորքում միևնույն է նույնն են: Դա նշանակում է, որ իշխանությունը փաստացի ունի օրակարգային գերակայություն, որովհետև կոնտր առաջարկ չկա ընդդիմության կողմից:
Բայց, եթե ընդդիմությունը հիմնականում էդպիսին է ապա առաջանում է հաջորդ, վճռորոշ հարցը՝❗ պահապանները շարունակելո՞ւ են մրցակցել միմյանց հետ, թե՞ ունակ են համախմբման, որովհետև պահապան լինելը զուտ հռետորաբանություն չէ և ոչ էլ զուտ էլեկտորալ պրոեկտ:
Այն քաղաքական դեր է, որը ենթադրում է՝
! պատասխանատվություն,
! ինստիտուցիոնալ մտածողություն,
! և ամենակարևորը՝ համախմբման կարողություն և լայնախոհություն էլեկտորալ պրոցեսից դուրս:
Այս պայմաններում մրցակցային մասնատվածությունը դառնում է ոչ թե նորմալ քաղաքական գործընթաց, այլ համակարգային խոցելիություն, որը ուղղակիորեն աշխատում է արտաքին ճնշման և պարտավորությունների տակ գտնվող իշխանության օգտին:
Ուստի անհրաժեշտ է ձևակերպել նվազագույն, բայց կենսական օրակարգ․
1. ձևավորել միջընդդիմադիր իրական փոխաջակցության դաշինք,
2. ստանձնել քաղաքական պահպանողականության և Հայ Առաքելական Եկեղեցու հանրային և քաղաքական պաշտպանության հանձնառությունը՝ որպես ազգային ինստիտուցիոնալ հենասյուն,
3. հստակ հայտարարել և գործնականում իրականացնել Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանի դերակատարությունը։
Սա այլևս քաղաքական ծրագիր չէ։ Սա պաշտպանական դոկտրին է։
Երբ ներսում քայքայվում են ինստիտուտները, իսկ դրսից պարտադրվում են պայմաններ, միակ արդյունավետ պատասխանը դառնում է՝
ԴԻՄԱԴՐՈւԹՅԱՆ ՊԱՏՆԵՇԻ ԿԱՌՈւՑՈւՄԸ
Ոչ թե հայտարարությունների մակարդակում, այլ ինստիտուցիոնալ համախմբման, քաղաքական համակարգման և հանրային մոբիլիզացիայի միջոցով։
Հայաստանի Երրորդ Հանրապետության փակումը չի լինելու մեկ ակտով։ Այն լինելու է գործընթաց, որի հանգուցային կետը հանրաքվեն է։ Ընտրությունները չեն կանգնեցնելու այդ գործընթացը։ Դրանք ընդամենը նախապատրաստելու են դրա հաջորդ փուլը։
Եվ հենց այդ փուլում է որոշվելու՝ կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնք ունակ են դառնալ պահապաններ, կա՞ արդյոք համախմբման կամք, կա՞ արդյոք պետություն, որը ունակ է ինքնապաշտպանության։
Եթե այս հարցերի պատասխանները բացակայում են, ապա գործընթացը կավարտվի կանխատեսելի կերպով։ Եթե՝ առկա են, ապա պայքարը շարունակվում է։
Եվ այս փուլում արդեն այլընտրանք չկա․
կամ ձևավորվում է դիմադրության համակարգ, կամ ֆիքսվում է Երրորդ Հանրապետության փակումը։
P.S. Երրորդ Հանրապետության փակման առաջարկ կա: Կա արդյոք այն չփակելու գրագետ, ինքնավստահ էլեկտորալ առաջարկ, որը կտրականապես այլ ոչ նախընտրական սեթևեթանքով ու քաղաքական խուսանավությամբ կասի՝ «Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության պահապաններն ենք և վերջ»»:



