2025թ. Թուրքիայի արտաքին պարտքի տոկոսավճարը կազմել է 25 մլրդ դոլար
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Ալի Օզթունչը անդրադարձել է Թուրքիայի արտաքին պարտքի տարեցտարի ավելացմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ 2025-ին Թուրքիայի արտաքին պարտքի տոկոսավճարը կազմել է 25 մլրդ դոլար, ինչը Թուրքիայի հանրապետության պատմության մեջ ամենաբարձր մակարդակն է։ Ըստ Օզթունչի՝ ներկայիս տնտեսական քաղաքականությունը Թուրքիային ներքաշում է բարձր տոկոսադրույքների պարույրի/ցանցի մեջ։
Նա նաև հրապարակել է վերջին 5 տարվա արտաքին պարտքի տոկոսավճարները, ըստ որոնց 2021-ին այն կազմել էր 13.1 մլրդ դոլար, 2022-ին՝ 12.5 մլրդ դոլար, 2023-ին՝ 18.3 մլրդ դոլար, 2024-ին՝ 22.7 մլրդ դոլար, իսկ 2025ին՝ 25 մլրդ դոլարի: Այդ գումարից 8.4 մլրդ դոլարը վճարել է Կենտրոնական բանկը և պետական հատվածը, իսկ 16.6 մլրդ դոլարը՝ մասնավոր հատվածը:
Այս տոկոսային բեռը, կանխատեսումների համաձայն, առաջիկա տարիներին ավելի կմեծանա և ըստ Օզթունչի՝ կառավարությունը պետք է վերադառնա արտադրության, զբաղվածության և վստահության ամրապնդման տնտեսական քաղաքականությանը։



