#ՀՐԱՏԱՊ. Ալիևի թիկնազորը Վաշինգտոնում հարձակվել է ցուցարարների վրա

Համացանցում տեսանյութեր են տարածվել այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները փետրվարի 20-ին Վաշինգտոնի Փենսիլվանիա պողոտայում հարձակվել ցուցարարների վրա:

Միջադեպը տեղի է ունեցել Ալիևի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, որտեղ նա մասնակցում էր «Խաղաղության խորհուրդ» (Board of Peace) գագաթնաժողովի մեկնարկին։ Գազայի հարցերին նվիրված այս նախաձեռնությունն անցկացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։ Հանդիպմանը ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը:

Խիստ քննադատական հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) քաղաքական հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին․ «Ալիևի թիկնազորի կողմից Վաշինգտոնում ցուցարարներին ծեծի ենթարկելը «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովի ֆոնին խորհրդանշական է։ Թրամփի «խաղաղության ծրագրերը» հետևողականորեն պարգևատրել են ագրեսորներին, մերժել արդարությունը զոհերին և հրաժարվել պատասխանատվությունից պատերազմական հանցագործությունների համար։ Եվ հիմա այդ տրամադրվածությունն ու անպատժելիությունը քաջալերել են Ալիևին՝ իր վարչակարգի բռնապետությունը բերելու ԱՄՆ հողի վրա»։

Այս միջադեպը շատերին հիշեցրել է 2017 թվականի մայիսին տեղի ունեցած նմանօրինակ միջադեպը, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության թիմի անդամները Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ հարձակվել էին ցուցարարների վրա։

Այդ դեպքն արժանացել էր Կոնգրեսի երկկուսակցական դատապարտմանը, և հարուցվել էին քրեական գործեր, որոնք հետագայում կարճվեցին։ Հրապարակման պահին ո՛չ ադրբեջանական պաշտոնյաները, ո՛չ ԱՄՆ իշխանությունները հրապարակային մեկնաբանություն չեն արել միջադեպի վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս