Իսրայելական Harop-ի հայկական համարժեքը զայրացրել է Ադրբեջանին՝ Իսրայելին անհարմար դրության մեջ դնելով
Ադրբեջանը զայրացած է, որ Հայաստանը ներկայացրել է իսրայելական Harop-ին նման կամիկաձե անօդաչու թռչող սարքի սեփական տարբերակը: Նման ռազմավարական զենքի տիրապետումը Հայաստանի կողմից ուղղակի սպառնալիք է Ադրբեջանի անվտանգության համար. գրում է իսրայելական Globes պարբերականը։
«Իսրայելը հայտնվել է անհարմար դրության մեջ. Հայաստանը ներկայացրել է Israel Aerospace Industries-ի (IAI) մշակած կամիկաձե անօդաչու թռչող սարքի (թափառող զինամթերք, loitering munition) տարբերակը՝ զայրացնելով իր ամենամոտ մահմեդական դաշնակից Ադրբեջանին»։
225 հանգույց և վիրաբուժական ճշգրտություն
Harop-ը ինքնասպան անօդաչու թռչող սարք է տպավորիչ կատարողականությամբ՝ 200 կմ թռիչքի հեռավորություն, մինչև 9 ժամ թռիչքի ժամանակ և 225 հանգույց (հանգույցը = 1 մղոն/ժ = 1,852 կմ/ժ = 0,514 մ/վրկ –խմբ.) առավելագույն արագություն 15 հազար ոտնաչափ բարձրության վրա: Անօդաչու թռչող սարքը կրում է մոտ 16 կգ պայթուցիկ նյութեր, առանձնանում է բարձր ճշգրտությամբ և կարող է գրոհել ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական անկյուններից։
2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ Harop-ը դարձավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ջախջախիչ հաղթանակի խորհրդանիշը: Դրա ուժը մարտադաշտում այնքան մեծ էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցուցադրաբար լուսանկարում պահեց անօդաչու թռչող սարքը, որը դարձավ հաղթանակի խորհրդանիշ»,- նշվում է հոդվածում։
Globes-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանական արդյունաբերության պաշտոնյայի, կարծում է, որ անօդաչու թռչող սարքի արտադրության տեխնոլոգիան Հայաստան է եկել Հնդկաստանից։
«Իսրայելական տեխնոլոգիաների արտահո՞սք
Հնդկաստանի հետ համագործակցության հիմնական դժվարությունը բխում է վարչապետ Նարենդրա Մոդիի «Make in India» քաղաքականությունից, որը արտասահմանյան ընկերություններից պահանջում է արտադրական գծերը և տեխնոլոգիական փորձը փոխանցեն Հնդկաստան: Այսպես, Հնդկաստանն աստիճանաբար ներմուծողից վերածվում է զենքի անկախ արտահանողի, որը որոշ դեպքերում մրցակցում է Իսրայելի շահերի հետ, ինչպես այժմ տեղի է ունենում Հայաստանում։
Harop-ը Հնդկաստանի բանակի սպառազինության մեջ է. 2025 թվականի մայիսին հնդիկները գործողության ժամանակ իսրայելական անօդաչու թռչող սարքը օգտագործեցին Պակիստանի դեմ: Իսկ 2025 թվականի հոկտեմբերին հայկական Davaro ընկերությունը ներկայացրեց Dragonfly 3 կամիկաձե անօդաչու թռչող սարքը, որը Harop-ի գրեթե ամբողջական պատճենն է։
Հնդկաստանի հետ կապը պարզ դարձավ անցյալ շաբաթ, երբ Նյու Դելիից պատվիրակություն այցելեց Հայաստան՝ նոր անօդաչու թռչող սարքը ստուգելու համար: Dragonfly 3-ի թևերի բացվածքը 3 մետր է, թռիչքի առավելագույն քաշը՝ 42 կգ, իսկ բեռնատարողությունը՝ 5 կգ: Ըստ Դավարոյի՝ անօդաչու թռչող սարքը կարող է օդում մնալ մինչև մեկ ժամ, թռչել 126 կմ/ժ արագությամբ և գործել մինչև 120 կմ հեռավորության վրա։
Իսրայելի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչը Globes-ին հայտնել է, որ իր կարծիքով տեխնոլոգիական փորձը Հայաստան է եկել Հնդկաստանից։ Միևնույն ժամանակ, Globes-ը տեղեկացել է, որ Ադրբեջանը խիստ դժգոհ է իրավիճակից. Հայաստանի կողմից նման ռազմավարական միջոցի տիրապետումն ուղղակի սպառնալիք է նրա անվտանգությանը»,- նշվում է հոդվածում։
Իր հերթին, The Jerusalem Post պարբերականը պնդում է, որ հայկական անօդաչու թռչող սարքը Իսրայելի և Ադրբեջանի միջև պառակտման չի հանգեցրել։
«Իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Ադրբեջանը «խորապես դժգոհ» է Իսրայելից IAI Harop-ին նմանվող հայկական կամիկաձե անօդաչու թռչող սարքի պատճառով, վիճարկել են տարածաշրջանային փորձագետները և պաշտոնյաները, որոնք կասկածի տակ են դրել տեղեկատվության աղբյուրը և զգուշացրել, որ նման հրապարակումները կարող են օգտակար լինել նրանց համար, ովքեր ձգտում են խաթարել Իսրայելի ամենակարևոր ռազմավարական գործընկերություններից մեկը։
Globes-ի հոդվածը մեջբերել է պաշտպանական արդյունաբերության անանուն աղբյուր, որը հայտարարել է, որ հայկական Dragonfly 3 անօդաչու թռչող սարքի տեխնոլոգիական գիտելիքները, որը հոկտեմբերին ներկայացել է հայկական Davaro ընկերությունը, հավանաբար Երևան են հասել Հնդկաստանի միջոցով։ Հնդկաստանում Harop-ն օգտագործվում է վարչապետ Նարենդրա Մոդիի «Make in India» ծրագրի շրջանակում, որը ներառում է տեխնոլոգիաների փոխանցում։
Israel Aerospace Industries-ի արտադրած Harop-ը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ լայնորեն օգտագործել է Ադրբեջանը և գտնվում է մի շարք զինված ուժերի, ներառյալ՝ Հնդկաստանի սպառազինության մեջ, որը վերջերս հայտնել է դրա մարտական օգտագործման մասին տարածաշրջանային հակամարտություններում։
Փորձագետները նշում են. «Նույնիսկ եթե Հնդկաստանը փոխանցել է նման տեխնոլոգիա, Ադրբեջանն, անշուշտ, հասկանում է, որ դա Իսրայելի կողմից կանխամտածված գործողություն չէր»,- գրում է The Jerusalem Post-ը։
News.am



