Վենսը խոսել է 9 միլիարդ դոլարի տնտեսական գործունեության, այլ ոչ թե Հայաստանում կատարվելիք ներդրման մասին. Գոհար Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը գրում է. «Պարտք սերունդներին

Ցանկացած նորմալ հայ մարդու համար 9 միլիարդ դոլարի ներդրման մասին լուրը հիանալի նորություն է, կարելի է ասել՝ երազանք։ Սակայն, կարդալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը՝ ակնհայտ է դառնում, որ հարգարժան փոխնախագահը որևէ խոսք չի ասել Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու մասին։

Պարոն Վենսը նշել է, որ հարթվում է ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու նպատակով, ինչը ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի արտահանում ԱՄՆ-ից, ինչպես նաև 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ պայմանագրերի միջոցով։

Այսինքն՝ ԱՄՆ փոխնախագահը խոսել է 9 միլիարդ դոլարի տնտեսական գործունեության մասին, որը իրականացվելու է ԱՄՆ-ում, այլ ոչ թե Հայաստանում կատարվելիք ներդրման մասին։

-Ավելին, որևէ հստակեցում չկա այն մասին, թե ով և ինչ կերպով է վճարելու ԱՄՆ-ից մինչև 5 միլիարդ դոլարի արտահանման և 4 միլիարդ դոլարի աջակցության համար։

-Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ վճարել նման գումարներ․ Հայաստանը պարզապես չունի այդպիսի միջոցներ և առաջիկա տարիներին չի էլ կարող ունենալ։

-Ակնհայտ է նաև, որ ԱՄՆ կառավարությունը չի վճարելու նման արտահանման համար, քանի որ որևէ երկիր չի վճարում իր իսկ տարածքից իրականացվող արտահանման համար։

Հետևաբար, դրական գնահատելով փոխնախագահ Վենսի այսօրվա այցը՝ անթույլատրելի է նրա խոսքի դիտավորյալ խեղաթյուրումը և հայ հանրության շրջանում անհիմն սպասելիքների ձևավորումը»։

Տեսանյութեր

Լրահոս