Բաժիններ՝

Շուտով ID քարտերի նոր համակարգ ենք ունենալու. Թորոսյան

Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ, անդրադառնալով էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի թեմային, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք լուծելու համար կառավարությունը նոր փոփոխություններ է նախատեսել։

Հիշեցնենք, որ, համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, 2026 թ. հունվարի 1–ից՝ աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեն էլեկտրոնային տարբերակով։ Այդ նպատակով ՀՀ քաղաքացիները պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն, այլապես չեն կարող աշխատել։

«Մենք որքան էլ փաստացի ժամանակ ենք տալիս մեր քաղաքացիներին, որ ձեռք բերեն ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն, իրենք դա թողնում են վերջին օրվան։ Արդյունքում, մենք հիմա հերթեր ունենք քարտեր ստացման հետ կապված, որոնք նույնիսկ ձգվում են ամիսներ»,– ընդգծեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ չի բացառվում, որ նախարարությունը դիմի ԱԺ-ին, որ այդ մասով փոփոխություններ արվեն։

«Սա անում ենք, որպեսզի իրավիճակը կայունացնենք ու սահուն անցում կատարենք, որ մարդիկ չզրկվեն աշխատելու իրավունքից միայն այն պատճառով, որ չունեն էլեկտրոնային ստորագրություն»,– նշեց Թորոսյանը։

Նա հայտարարեց նաև, որ շուտով ID քարտերի նոր համակարգ են ներդնելու, և որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն երկու անգամ ID քարտ ստանալ` այսօրվա հին տարբերակը և հետո էլ առաջարկվող նոր տարբերակը, նախարարությունը քարտերի հարցն այս պահին կառավարությունում օպերատիվ պայմաններում քննարկում է։

Թորոսյանն ավելացրեց, որ անգամ հնարավոր է խնդրեն ԱԺ–ին` արտահերթ ձևով այդ հարցը քննարկել, քանի որ դա ենթադրում է նաև «Աշխատանքային օրենսգրքի» փոփոխություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս